Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայի հրավերով այցելել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան, հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում նախարարը ուսանողների և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությանն է ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, հայկական բանակի զարգացման փուլերը: Անդրադառնալով հասարակություն-բանակ համագործակցության կարևորությանը, պաշտպանական գերատսչության ղեկավարն այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծել է բուհերի սերտ կապը բանակի հետ: Շեշտելով, որ 2014 թվականը զինված ուժերում հռչակվել է որպես փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի, Սեյրան Օհանյանը նշել է, որ երիտասարդության շրջանում բարձր ու վեհ գաղափարների, ազգային արժեքների կերտման հարցում անշուշտ կարևոր է ուսուցիչ-մանկավարժների, դասախոսների դերը:

Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող հարցերին: Հանդիպման ավարտին Պաշտպանության նախարարը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել համալսարանի մի շարք դասախոսների և ուսանողների: Պաշտպանության նախարարը խրախուսել է նաև հանդիպմանը մասնակցող Ֆրանսիական համալսարանի երկու ուսանողների, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են:

Զինծառայողներին շնորհվել է կարճաժամկետ արձակուրդ: