Կառավարության այսօրվա նիստում, քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ սահմանային գոտու համայնքների գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, կառավարությունը կիսել է հեղինակների մտահոգությունն ու նպատակադրումները սահմանային համայնքների տնտեսական ակտիվության բարձրացման, սոցիալական խնդիրների լուծման կապակցությամբ, առաջարկել կատարել մի շարք հստակեցումներ, ապա ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայացված առաջարկությունները նույնությամբ կրկնում են ՀՀ կառավարության օրենսդրական փաթեթի նպատակադրումն ու ուղղությունները, հեղինակներին առաջարկել բարձրացված խնդիրների լուծմանն անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակում:

Նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասել է, որ նախագծի ընդունումը կարող է հարկերից խուսափելու պատճառ դառնալ այլ համայնքների համար, որոնք սահմանամերձ չեն: 

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: