Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ մերժում ստացավ Կառավարությունից: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը ներկայացրել էր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի ԱԺ պատգամավորները պարտավորվելու էին յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո գրավոր հաշվետվություն ներկայացնել մեկ ամսվա ընթացքում իրենց կատարած գործունեության վերաբերյալ:
Արդարադատության նախարարը նկատեց, որ այս առումով մի քանի բացթողում կա: Հաշվետվության մեջ տեղ պիտի գտնի նաև պատգամավորների գործունեությանը վերաբերվող այնպիսի տեղեկություններ, որոնք պատգամավորը տալու պարտական չէ: «Ազգային ժողովի կանոնակարգի» օրենքի 6-րդ հոդվածով հստակ սահմանված են պատգամավորի պարտականությունները, մասնավորապես՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին, ինչպես նաև այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է:
«Այս նախագծով նախատեսված հաշվետվությունը չի կարող դիտարկվել որպես պարտականություն: Միաժամանակ նախագծի հետ ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում օրենսդիր մարմնի աշխատանքը դարձնել առավել թափանցիկ և հաշվետու՝ ընտրողների առաջ պատգամավորի հաշվետու լինելու ինստիտուտի ներդրման, ինչպես նաև պատգամավորների միջև մրցակցությունը խթանելու միջոցով: Այդ առումով նշենք, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քանակը պատգամավորի ակտիվության որոշման բավարար ցուցանիշ չէ»,- նկատեց նախարարը: