Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մենք տեղեկացել ենք, որ «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի արտադրության «Էլնոր» սպրեդի և «Կաթնառատ» կարագի արտադրությունը կասեցվել է:
Այս խնդրի շուրջ տեղեկատվություն ստանալու համար YerevanNews.am-ը կապ հաստատեց ՍԱՊԾ պետի մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանի հետ՝ փորձելով պարզել, թե որքանով է արդյունավետ իրականացվում մարդկանց համար վտանգավոր ապրանքը շուկայից դուրս բերելու գործընթացը:
«Տվյալ արտադրատեսակի խմբաքանակը, որի մեջ հայտնաբերվում է մանրաբանական խնդիր, որն այս դեպքում է առաջացել կամ առհասարակ որևէ խնդիր, որը առաջանում է, բնականաբար տվյալ արտադրատեսակը հետ է կանչվում և արտադրողին տրվում է հանձնարարկան՝ դա ըստ կարգի վերացնել: Այսինքն՝ դա գնորդին չի հասնում և տրվում է հանձնարարական՝ առկա խնդիրները մինչ չվերանան այլևս տվյալ արտադրատեսակը չհանվի վաճառքի կամ չարտադրվի: Երբ խնդիրները համարվում են լուծված, տվյալ ընկերությունը դիմում է մեզ, կատարվում է կրկին լաբորատոր փորձաքննություն և եթե խնդիրները շտկված են լինում նոր տրվում է թույլտվություն վերսկսելու արտադրանքը»:
Խախտումներով արտադրանքը խանութներից հետ կանչելը արտադրողի պարտականությունն է, սակայն Արմինե Սուքիասյանը մեզ հավաստիացրեց, որ իրենք խստորոն հետևում են այս գործընթացին, որը իրականացվում է վերահսկող լիազոր մարմնի կողմից:
ՍԱՊԾ-ից հավաստիացնում են նաև, որ այս պահին որևէ խանութում չենք կարող գտնել տվյալ օրվա արտադրված արտադրանքը:
YerevanNews.am-ին հետաքրքրող հարցերը շատ էին. օրինակ՝ միգուցե այդ օրվա արտադրանքը իսկապես չհայտնաբերվի որևէ խանութում, բայց ենթադրենք տվյալ օրվանից մեկ օր առաջ նույն ընկերության կողմից արտադրվել է նույն խախտումներով կարագ, որը վտանգավոր է մարդկանց առողջության համար, ապա փաստացի ստացվում է, քանի որ այն չի արտադրվել հենց այդ օրը կարելի՞ է ուտել վտանգավոր սնունդը և ունենալ առողջական խնդիրներ:
Մեր հարցը մնաց առկախ. ՍԱՊԾ պետի մամուլի խոսնակը առաջարկեց հարցերն ուղղել գրավոր կերպով, քանի որ դրանք «նեղ մասնագիտական» են: