«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ երկրի բյուջեն երկրի ամենապրակտիկ փաստաթուղթն է, և ենթադրելի է, որ բյուջեի քննարկումները պետք է զերծ լինեն գաղափարական և քաղաքական բանավեճերից: Բայց փորձը ցույց է տալիս, որ աշխարհի բոլոր երկրներում բյուջետային քննարկումները վերածվում են քաղաքական և գաղափարախոսական բանավեճերի: Մենք այդ առումով բացառություն չենք, և 2015 թվականի բյուջեն մեր պառլամենտում նույնպես կառաջադրի թեժ քննարկումներ»: Սա հատված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա տեքստից, որ նա կարդաց Ազգային ժողովում՝ ՀՀ 2015թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ:
«Միայն կրթության, սոցիալական պաշտպանվածության և առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015թ. կկազմեն շուրջ 596 միլիարդ դրամ, որը 2014թ. ցուցանիշի համադրելի մակարդակը գերազանցում է 25 միլիարդ դրամով»,- իր ելույթում նշեց վարչապետը՝ հավելելով, որ 2015թ. պետական բյուջեով պատշաճ մակարդակ է նախատեսված նաև պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար՝ ընդհանուր ծախսերի շուրջ 21.4 տոկոսի չափով: Աբրահամյանը զուգահեռ անցկացրեց 2015 թվականի բյուջեի և կառավարության ծրագրի միջև՝ ընդգծելով, որ երկուսն էլ իրատեսական են:
Այնուհետև դիմեց քննարկման մասնակիցներին. «Կխնդրեի ձեզ ձեր ապագա հարցադրումներում նկատի ունենալ այն, որ մենք ծախսելու ենք այնքան, որքան ունենք՝ ողջամիտ պարտքը ներառյալ՝ անկախ նրանից, թե որքան և ինչի կարիք ունենք»: Եվ առաջարկեց մեկ վարժություն կատարել. «Թղթի տանք և հիմնավորենք բոլոր հնչած պահանջները՝ ըստ նախընտրած ոլորտների, հոդված առ հոդված, և գումարենք իրար, ու մեր ստացած թիվը կլինի մասնավորապես Ֆրանսիայի բյուջեին հավասար մեկ թիվ»:
Ըստ վարչապետի՝ 2015թ. բյուջեի նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն, ինչի մասին է վկայում այն, որ 2015թ. պետական բյուջետային ծախսերի ծավալի շուրջ կեսը՝ 47.9 տոկոսը, կազմում են սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերը: Աբրահամյանը կրկնեց իր մեկ այլ սիրելի արտահայտությունը՝ «մեր թիրախը խոշոր բիզնեսն է», որը, որպես գաղափար, մտցված է «2015 թվականի իրատեսական բյուջեում», բայց բացարձակ իրատեսական չէ:
Այնուհետև խոսքը փոխանցեց նախագծի հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, ում երկարաշունչ ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին նրան, որի ժամանակ Աբրահամյանի կանխատեսումներն սկսեցին արդարանալ. քննարկումը ՀՀԿ պատգամավորների «թեթև ձեռքով» թեժացավ ու քաղաքական երանգ ստացավ: Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե արդյոք ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումը տնտեսական ցուցանիշների առումով ներառվա՞ծ է 2015թ. բյուջեում: Պավել Սաֆարյանն ասաց, որ ոչ՝ ԵՏՄ-ին անդամակցումն արտացոլված չէ եկող տարվա բյուջեում, որովհետև պետբյուջեի նախագիծն իրենք օրենքով սահմանված կարգով ներկայացրել են մինչև հոկտեմբերի 2-ը, իսկ այդ ժամանակ ԵՏՄ պայմանագիրը դեռ ստորագրված չէր: Բայց, իհարկե, կառավարությունն այս հարցում ձեռքերը ծալած չի նստում, քանի որ հաշվարկներ են կատարում թե՛ մակրոտնտեսական, թե՛ ծախսային, թե՛ եկամտային բլոկների մասով: