Հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները հայտնվել են աղմկալի պատմության մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մեկ տասնյակից ավել բուհի ռեկտորների կողմից թույլ տված չարաշահումների փաստի առթիվ ՀՀ գխավոր դատախազի հրահանգով քրեական գործեր են հարուցվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին նամակ է ուղարկել՝ հասկանալու, թե նրանք բուհի անունով մեքենա գնե՞լ են և ի՞նչ գումարով: Դատախազությունը տեղեկություններ է ստացել, որ պետբյուջեից հատկացված գումարները բուհի ռեկտորներն իրենց նպատակին չեն ծառայեցրել և իրենց համար շքեղ ավտոմեքենաներ են գնել:
«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ տասնյակից ավել բուհի ռեկտորներ են կասկածվում չարաշահումների մեջ: «Սև ցուցակում» են գտնվում Երևանի պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ նշված բուհի ռեկտորների կողմից թույլ տված չարաշահումների փաստի առթիվ դատախազության հրահանգով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր. 308 հոդվածի 1-ին մասի` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, թե նման բան չկա, եթե նման բան լիներ, առաջինն ինքը կիմանար. «Առաջին անգամ եմ լսում, ի՞նչ չարաշահում, այս ի՞նչ բան է»:
Իսկ, ահա, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ. «Մենք ՀՀ գլխավոր դատախազությունից նամակ ենք ստացել, որտեղ գրված է եղել՝ դուք մեքենա գնել եք, ու ես շատ լավ տեղյակ եմ, որ բոլոր բուհերին այս հարցումը գնացել է: Մենք պատասխանել էինք, որ մեր բուհը պետական բյուջեից գումար չի ստանում, եւ մենք բուհի համար ծառայողական մեքենա ենք գնել բուհի սեփական միջոցներով: Օրինակ՝ ուրիշ բուհեր, որ պետբյուջեից գումար են ստացել, նրանք խախտում են արել, քանի որ մեքենան գնել են բյուջետային միջոցներով, ինչն արդեն խախտում է»:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն էլ անձամբ է գնացել հատուկ քննչական ծառայություն: «Մենք մեքենա գնել ենք, բայց յուրաքանչյուրի տակ կա կառավարության որոշումը: Կարծում եմ, որ ամեն ինչ եղել է սահմանված կարգով: Ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը, իսկ թե հետո ինչ կլինի, չգիտեմ»,- ներկայացրեց կոնսերվատորիայի ռեկտորը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: