Օրերս Yerevannews-ը ձեր ուշադրությանը ներկայացրեց Նուբարաշենի աղբանոցի խնդրի վերաբերյալ բնապահպանության նախարարությանն ուղղված մեր հարցադրումների ուշացումով ստացված պատասխանը: Բավական հակիրճ և վերացական պատասխանով նախարարությունը մեզ խորհուրդ տվեց դիմել նաև Երևանի քաղաքապետարան:
Նուբարաշենի աղբանոցի մասին բազմիցս է արձագանքվել, սակայն հարցը դեռևս շարունակում է խնդիր հանդիսանալ շրջակա միջավայրի ու բնակիչների համար:
Բնապահպանության նախարարության հիշեցումը ի գիտություն ընդունելով, մեր հարցումը ուղղեցինք նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը մեզ տեղեկացրեց, որ քաղաքային աղբավայրում ջերմային գազերի արտանետումը, ինքնաբռնկման երևույթները կանխելու նպատակով 2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանը ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի հետ կնքել է համաձայնագիր Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի իրականացման վերաբերյալ:
Այստեղ հատկանշական է մի փաստ, ճիշտ է, պայմանագիրը ստորագրվել է, բայց մեզ հետ զրույցում Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը մեզ հայտնեց. «Թվում է, թե բոլորը պետք է շահագրգրռված լինեն այդ խնդրի լուծման վերաբերյալ, բայց հարց տվեք պատկան մարմիններին, ինչի են նրանք խանգարում, որ ճապոնացիները կարողանան Երևանում մեր աղբի խնդիրը լուծել կենսական ճանապարհով: Հայաստանի իշխանությունները նրանց ճանապարհները փակել են»: Այստեղ պարզ հակասությունը ակնհայտ է:
Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ ներկայումս Նուբարաշենի գործող թափոնակուտակիչում՝ մոտ 8 հա տարածքի վրա, փորված հորատանցքերով և հորիզոնական գազամուղերով մխոցների միջոցով մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ և այրվում։ «Պայմանագրի գործողության ժամանակահատվածում՝ մինչև 2023 թվականը, ըստ հաշվարկների, պետք է իրականացվի 512 հազար տոննա СO2 գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում»,- նշվում է պատասխանի մեջ:
Երևանի քաղաքապետարանից հավաստիացնում են, որ Նուբարաշենի քաղաքային աղբավայրի վիճակը բարելավելու նպատակով, աղբի վերամշակման տեխնիկական առաջադրանքների մշակման ուղղությամբ առաջիկայում իրականացվելու են նախապատրաստական աշխատանքներ: Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը հայտնում է, որ ներգրավելով միջազգային խորհրդատվական ընկերությունների արդյունքում ակնկալվում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան կենցաղային աղբի տեսակավորման և վերամշակման գործարաններ։
Շատ գնահատելի կլինի, եթե փաստաթղթային պատասխաններն ու տվյալները մի օր միգուցե իրականություն դառնան ու Երևանը դասվի այն քաղաքների շարքին, ուր պետական մարմինները մտածում են բնակիչների առողջության մասին, քաղաքը զերծ կպահեն հակահիգիենիկ իրավիճակներից ու կկառուցեն զարգացած երկրներին համահունչ աղբի վերամշակման գործարաններ: