«Նիկոլայ Ռիժկովի արտահայտությունը ադեկվատ չէ: Ասուլիսի ժամանակ Ռիժկովը փայլեց հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների չիմացությամբ: Ադեկվատ չէր Ղարաբաղի և Ղրիմի մասին հիշատակումը: Եթե մարդ Ղրիմի մասին է խոսում, ապա գոնե պիտի հասկանար, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին պատճառ դարձավ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին, իսկ Ղարաբաղը, փառք Աստծո, դեռ այդպիսի պատճառ չի եղել»,- YerevanNews.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Ռուսաստանցի այդ պաշտոնյայից այլ հայտարարություն չէր էլ սպասում քաղաքագետը. «Մենք չենք կարող բերել մի ռուս պաշտոնյայի անուն, որը Ղարաբաղի անկախությունը կամ Հայաստանի մաս լինելը ճանաչեր: Ես Ռիժկովի ասածին չէի էլ անդրադառնա, եթե նա չլիներ Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս: Մյուս դեպքում կարելի էր այդ հայտարարությունը ուղղակի շրջանցել, բայց Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսները հենց պայքարել են Ղարաբաղի համար, զոհվել են, և որևէ այլ Ազգային հերոսի կողմից այսպիսի արտահայտություն լսել ուղղակի հնարավոր չէ: Այս արտահայտությունը ուղղակի վիրավորանք է մեր Ազգային հերոսների հիշատակին»:
YerevanNews.am-ի այն հարցին, որ Ռիժկովի հայտարարությունը չի փաստում Հայաստանի կախված լինելը Ռուսաստանից Սուրեն Սուրենյանցը պատասխանեց. «Մենք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գտնվում ենք Ռուսաստանի վերահսկողության տակ: Ռուսաստանցի պաշտոնյաները Հայաստանում իրենց զգում են տիրոջ կարգավիճակով: Դրա համար էլ կարող են Երևանում ասուլիսներ տալ, նման արտահայտություններ անել, ռուսերենը պետական լեզու դարձնելու անհրաժեշտության մասին խոսել, և այլն: Այս բոլոր խնդիրները հետևանք են նրա՝ որ հայ-ռուսական հարաբերությունները բնականոն չեն»: