ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի քննչական բաժնի ավագ քննիչ Գոռ Գևորգյանի կողմից, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գոռ Գևորգյանը, հանդիսանալով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար ինքնուրույն ուղղություն տվող, անհրաժեշտ որոշումներ կայացնող, քրեադատավարական օրենքի դրույթներին համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնող, ինչպես նաև դրանք օրինական ու ժամանակին կատարելու համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձ, իր վարույթում քննվող` 2014 թվականի ապրիլի 24-ին Սամվել Հ.-ի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, Սամվել Հ.-ի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները պահպանելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, կատարված հանցագործությունը լիարժեք բացահայտելու, վերջինիս հետախուզում հայտարարելուց հետո վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ իր պաշտոնեական պարտականությունները չի կատարել:
Մասնավորապես. քրեական գործի նախաքննության հենց առաջին օրերից բազմաթիվ անգամ գաղտնի հանդիպումներ է ունեցել խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Սամվել Հ.-ի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում Սամվել Հ.-ն խոստովանել է խուլիգանությունն իր կողմից կատարելու, «Տոզ» տեսակի ատրճանակով կրակելու հանգամանքը, մանրամասն պատմել է հանցագործության կատարման դրդապատճառներն ու հանցագործության մասնակիցների գործողությունները: Ավագ քննիչ Գոռ Գևորգյանը դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու, նոր ապացույցներ հավաքելու, Սամվել Հ.-ին վարույթն իրականացնող մարմին հրավիրելու և հատկապես հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցների միջոցով օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելու փոխարեն, հանցագործություն կատարած Սամվել Հ.-ին մանրամասն տեղեկացրել է նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի տված ցուցումների, ձեռք բերված ապացույցների մասին:
Ավելին` չբացահայտվելու նպատակով հորդորել է օգտագործել գաղտնի հեռախոսահամար և իր հետ կապ պահպանել այդ հեռախոսահամարով: Այդ ընթացքում Սամվել Հ.-ի և մյուսների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու պատրանք ստեղծելու նպատակով 2014 թվականի մայիսի 5-ին ձևական բնույթ կրող ծանուցագրեր, ապա՝ բերման ենթարկելու մասին որոշումներ է ուղարկել ոստիկանության Արմավիրի բաժնին:
Այնուհետև, գործով ձեռք բերած ապացույցների համակցության հիման վրա 2014 թվականի մայիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Սամվել Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին որոշումներ կայացնելուց հետո` նույն օրը և հաջորդ օրը, կրկին գաղտնի հանդիպումներ է ունեցել արդեն հետախուզման մեջ գտնվող Սամվել Հ.-ի հետ և տեղեկացրել իր կայացրած հիշյալ որոշումների մասին:
Գոռ Գևորգյանի դիտավորյալ գործողությունների արդյունքում ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրվող Սամվել Հ.-ն դիմել է փախուստի, իսկ նրա օգտագործած, հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը չի հայտնաբերվել: