«Ժամանակ» թերթը գրում է.

«Մամուլում տեղեկություն է հայտնվել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին, որը Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը ոչ հերքել է և ոչ էլ հաստատել: Ավելորդ է խոսել այն մասին, թե ինչ կարող էին քննարկած լինել Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը: Այստեղ ամեն ինչ միաժամանակ և՛ պարզ է, և՛ պարզ չէ: Պարզ է այն առումով, որ Սարգսյանն ու Ծառուկյանը պետք է խոսեին, այսպես ասած, ներքաղաքական այս պայքարի մասին և, բնականաբար, ճշգրտեին պայքարի կանոններն ու սահմանները: Հարցը ցուցումներն ու հանձնարարականները չեն: Այսինքն՝ խնդիրը ինչ-որ սցենարի մշակումը կամ համաձայնեցումը չէ, այլ կողմերի միջև խաղի կանոնների համաձայնեցումը, թե ինչն է թույլատրվում, իսկ ինչը կհամարվի կանոնների խախտում և կարժանանա իշխանությունների համապատասխան վերաբերմունքի: Համապատասխան վերաբերմունքը, բնականաբար, ուժային արձագանքն է, թեև իհարկե չի բացառվում նաև արձագանքի այլ տարբերակ, որը ևս, ըստ էության, ուժային է, բայց, այսպես ասած, «բարձր ճշգրտության», այսինքն՝ կիրառվում է ոչ թե զանգվածների, այլ դրանց առաջնորդողների, տվյալ դեպքում՝ Գագիկ Ծառուկյանի տնտեսական շահերի դեմ:

Մյուս կողմից պարզ չէ, թե Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումն ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել, կամ, այսպես ասած, ինչ մոտիվներով: Այսինքն՝ դեռևս հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ոչ մի բան այլևս չեն ներկայացնելու իշխանություններին և սպասելու են նրանց առաջարկներին կամ նախաձեռնություններին: Եվ այսպես հարց է առաջանում՝ ինչի՞ հետևից էր Ծառուկյանը գնացել Սարգսյանի հետ հանդիպման՝ առաջարկություններ ու նախաձեռնություններ ստանալո՞ւ, թե՞ պարզապես հրավիրել էին, նա էլ ներկայացել էր, ասենք, որպես Անվտանգության խորհրդի անդամ, որը ներկայանում է խորհրդի ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: