Զարուհի Փոստանջյանը սպասում է արտահերթ ընտրությունների, որի արդյունքում ժողովուրդը կազատվի Սերժ Սարգսյանից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: 

ԱԺ պատգամավորը խոսեց նաև «ժառանգություն» խմբակցությունից իր դուրս գալու հնարավորության մասին՝ ասելով. «Ես կարող եմ ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալ, բայց որտեղ գնում եմ այնտեղից դուրս չեմ գալիս, և եթե կան մարդիկ, որ ինձ դուր չեն գալիս, ապա մաքրում եմ իմ միջավայրը»:

Եռյակի մասին խոսելիս Զարուհի Փոստանջյանը ասաց, թե դա ընդամենը փոքր համագործակցություն է, որը չունի միասնական օրակարգ:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամը խոսեց ներքաղաքական մի քանի կարևոր թեմաների շուրջ: Նրա դիրքորոշումը կապված Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուն բավական խիստ էր: 

«Ով կողմ կքվեարկի ԵՏՄ «բռնակցությանը», նա պետական դավաճանություն կգործի: ԱԺ-ում մոլորությունը պետք է տեղ չունենա և բոլորը սթափ պետք է գնահատեն իրավիճակը»,- ասաց նա: 

Հայաստանի միացումը Եվրասիական միությանը անդամակցություն չէ, այլ հարկադիր միացում, քանի որ երկրի իշխանությունները նման որոշում կայացրին մի գիշերում: Փոստանջյանի կարծում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթղթերը, որոնք հրապարակել է ԱԳՆ-ն, հստակ դրույթ են պարունակում, համաձայն որի՝ ԼՂՀ-ի հետ սահմանին անցակետ կտեղադրվի: