Երեկ՝ նոյեմբերի 5-ին, 81 տարեկան հասակում մահացավ ականավոր հայ քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը: Այդ կապակցությամբ իրենց ցավակցական հեռագիրն են հղել Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մասնավորապես նախագահի խոսքում ասվում է. 

«Մենք կորցրինք փորձառու և հմուտ պետական ու քաղաքական գործչի: Նրա երկարամյա և նվիրված գործունեությունը ամենատարբեր պաշտոններում միշտ ուղղված է եղել մեկ նպատակի՝ հայրենիքի շենացմանը: Մեծ է անվանի գործչի վաստակը Հայաստանի տնտեսական զարգացման գործում:

Թե՛ խորհրդային շրջանում, թե՛ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Վլադիմիր Մովսիսյանը եղել է առաջին հերթին ազգային կերպարի մարմնացում: Զբաղեցնելով պետական կառավարման համակարգի բարձրագույն պաշտոններ՝ նա միշտ հավատարիմ մնաց երկրին և ժողովրդին ծառայելու իր տեսլականին: Քաջածանոթ լինելով Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրի խնդիրներին` նա մշտապես փորձում էր գտնել և իրականացնել այնպիսի լուծումներ, որոնք միտված էին պարզ մարդկանց հոգսերի թեթևացմանը: Հենց այդ պատճառով էլ նա վայելում էր հայրենակիցների սերն ու հարգանքը, և նրան վստահում էին Հայաստանի յուրաքանչյուր անկյունում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Իսկ վարչապետը նշել է. «անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի ավանդը մեր երկրի զարգացման և պետականաշինության գործում: Զբաղեցնելով պետական և հասարակական բարձր պաշտոններ՝ նա իր հսկայածավալ նպաստն է բերել ոչ միայն խորհրդային, այլև նորանկախ Հայաստանի պետականության կերտմանն ու կայացմանը: Վլադիմիր Մովսիսյանը միշտ աչքի է ընկել իր ազգանվեր գործունեությամբ և բարձր մարդկային հատկանիշներով՝ անմնացորդ ծառայելով հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը: Մենք միշտ վառ կպահենք Վլադիմիր Մովսիսյան շրջահայաց պետական գործչի, մեծ մարդու և անհատականության հիշատակը:
Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին»: