Արագածոտն մարզի Եղնիկ համայնքում բնակիչները նոյեմբերի 6-ին փակել էին Երևան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով խմելու ջրի խնդրին լուծում տալ: 21-րդ դարում Հայաստանում դեռևս կան գյուղեր, որոնք ունեն մարդու ամենաառաջնային պահանջներից մեկի՝ ջրի խնդրի չլուծված հարց: Գյուղապետը և բնակիչները բարձրաձայնում են հարցը՝ ահազանգելով, որ իրենք դեռևս առվի ջուր են խմում, իսկ Արագածոտնի մարզպետը վստահեցնում է, որ խմելու ջրի խնդիրը արդեն իսկ լուծված է:

Անհայտ պատճառներով ձգձգված հարցի լուծման մասին մանրամասներ փորձեցինք ճշտել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից:

«Հիմա մեզ պարոն վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել այս երկու համայնքների ջրային ռեսուրսները, և դրանից հետո նոր կորոշենք: Այստեղ որևէ խնդիր չկա»,- YerevanNews.am-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:

Օգոստոսի 8-ին վարչապետը անձամբ այցելել էր Եղնիկ: Վարչապետի հետ զրույցում գյուղացիները բարձրացրել են համայնքի՝ խմելու ջրով ապահովման հարցը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին 10 օրվա ընթացքում կազմակերպել համայնքում խմելու ջրի 2500 մ խողովակի անցկացումը:

Արդյո՞ք սրանից չէր հետևում որ այդ 10 օրերի ընթացքում պետք է լուծվեր եղնիկցիների ջրի խնդիրը հարցին մարզպետը պատասխանեց. «Վարչապետը եկել է գյուղ և գյուղացիները խնդրել են փոխել խողովակաշարը: Վարչապետը կարգադրել է, որ 10 օրվա ընթացքում փոխեն այդ խողովակաշարը: Երեկ վարչապետը ինձ հայտնել էր, որ խողովակով կօգնի, որ այդ աշխատանքները տարվեն: Աշխատանքները չեն էլ ավարտվել ամբողջապես»:

Արդեն այսօր՝ նոյեմբերի 8-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արագածոտնի մարզի Եղնիկ և Շղարշիկ համայնքների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը:

Համայնքների բնակիչները վարչապետին են ներկայացրել իրենց գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրները և առաջարկել ստեղծել հանձնաժողով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:

Ամփոփելով գյուղացիների առաջարկությունները՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ձևավորել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի նշված համայնքներում խմելու ջրի պահանջարկը, և արդյունքների մասին զեկուցել իրեն:

Հուսանք, որ այս անգամ հարցը աչքաթող չի արվի և գյուղի բնակիչները վերջիվերջո խմելու ջուր կունենան: