Այսօր КВН-ի՝ Ուրախների և հնարամիտների ակումբի միջազգային օրն է: YerevanNews.am-ի լրագրողը այս առիթով զրուցեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ (КВН) թիմում խաղացող, և Հայաստանի լիգայի չեմպիոն Ալեն Սիմոնյանի հետ:
- Պարո՛ն Սիմոնյան, ինչո՞ւ Հայաստանում չի նշվում КВН-ի՝ Ուրախների և հնարամիտների ակումբի միջազգային օրը:
- КВН-ը հայկական չի: Մենք լավն ենք, մեր հումորը սուր է, բայց КВН-ը մերը չի: Նախ դա ռուսերեն լեզվով խաղ է, որ հայերեն լեզվով մի քանի անգամ փորձեցին ու չստացվեց: Երկրորդը չեմ էլ կարծում որ պետք է նշվի Հայաստանում:
- Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Ձեր նախկին թիմակիցների հետ: Կապ պահպանո՞ւմ եք:
- Մենք 1996թ-ից հետո ընկերություն ենք անում: Համարյա 20 տարի: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր այստեղ չեն, երբ Հայաստան են գալիս միշտ հավաքվում ենք՝ տեսնում իրար:
Մեր երիտասարդների սրամտությունը, հումորի զգացումը ի՞նչ մակարդակի վրա է հիմա՝ ես չեմ ուզում որակավորումներ տալ: Կարծում եմ դա հայի ուղեղից է գալիս: Մեր ուղեղը սուր է, ճկուն է: Դրա համար մենք անգամ օտար երկրում հաջողությունների ենք հասել: Հիմա էլ КВН-ի շարունակությանը, եթե կարելի է այսպես ասել, նույն «Յունիվեր» սերիալին, «Քոմեդի քլաբին», մեր մատը այստեղ ևս խառն է: Իսկ հումորը մեզ բնորոշ բան է:
- Իսկ ըստ Ձեզ Հայաստանում ինչո՞ւ էլ չեն անցկացվում КВН-ի լիգաները, չէ որ հայկական թիմերը Ձեր ժամանակ շատ առաջադեմ էին ու սիրված:
- Այստեղ այսպիսի մի խնդիր կա՝ հայերեն լեզվով ես մի քանի անգամ դիտել եմ, ու այնքան էլ լավ չի ստացվել: Այս առումով երևի թե ամենահաջողվածը «Վիտամինի» տղաների, Հայկո Մկոյի, Հովոյի գործունեությունն է մասսայական առումով, որոնք ի դեպ բոլորն էլ մեր КВН-ի դպրոցն են անցել: Ես, Հայկոն ու Մկոն КВН-ի հակառակ թմերից ենք եղել, մրցել ենք իրար դեմ: Հիմա տեսեք, մեր թիմը հաղթել է, բայց նրանք աստղ են դարձել, իսկ ես աստղ չեմ: Այնպես որ շատ սուբյեկտիվ է այդ ամեն ինչը: Հայաստանում, և ոչ միայն այստեղ, ամբողջ աշխարհում КВН-ի դարը, այսպես ասած «անցել է»: Հիմա ավելի շատ stand up, comedy-ների «դար» է՝ կարճ, հակիրճ, արագ: Բայց կարծում եմ կմնա խաղը, չի վերանա ամբողջապես:
- Ռուսական հումորի զգացումը մի փոքր այլ է հայկականից: Ինչպե՞ս էիք ռուսերեն գրում Ձեր սցենարները: Արդյո՞ք դժվարություն չէր իրենից ներկայացնում այս հակասությունները:
- Չկա ռուսական հումոր, կամ հայկական, կամ վրացական: Այն ժամանակ կար սովետական միության միասնական մտածելակերպ: Այն ժամանակ Գորբաչովի մասին հումորը ծիծաղելի էր թե՛ Մոսկվայում, թե՛ Երևանում: Հիմա նաև դրա պատճառով է, որ КВН-ը նմանատիպ դժվար ժամանակներ է ապրում պոպուլյարության առումով, որովհետև ընդհանուր թեմաներն են վերացել: Ինչպես Չարլի Չապլինն էր ասում. «Ընկնող մարդու վրա ծիծաղում են» և՛ Մոսկվայում, և՛ Երևանում: Մենք էլ բոլորս ռուսական կրթություն ունեինք, այնպես որ այդ առումով ևս հեշտ էր մեզ համար:
- Պարոն Սիմոնյան, իսկ ի՞նչ նշանակություն ունի КВН-ը Ձեր համար և առանձնահատուկ ինչ պատմություն ունեք դրա հետ կապված:
Ընդհանուր շատ պատմություններ կան որոնց վաղեմության ժամկետն է անցել, ինչպես նաև դրանք այնքան անձնական ու ներքին օգտագործման են, որ դրա մասին բարձրաձայնել չի կարելի: КВН-ը մի մեծ ընտանիք է, որտեղ մարդիկ կարող են իրար հետ տարիներով չշփվել, նեղանալ իրարից, ամուսնանալ իրար հետ, ընկերություն անել: Բայց դա այնուամենայնիվ մնում է մեծ ու միասնական ընտանիք: