Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ նիստի ընթացքում «ՀԱԿ» խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ մեղադրելով նրան կառավարության ներկայացրած նախագծերին նախապատվություն տալու և իրենց ներկայացրած հարցի քննարկումից խուսափելու մեջ:
Ըստ նրա՝ 44 և ավելի ձայներով՝ ընդդիմությունը արտահերթ քննարկման է ներկայացրել երկու նախագիծ: Կառավարությունը ևս չորս նախագիծ է ներկայացրել արտահերթ քննարկման, արդյունքում ընդդիմության արտահերթ քննարկման ներկայացրած երկու նախագծերն այդպես էլ չեն քննարկվել։
Գալուստ Սահակյանը պատասխանելով հարցին ասաց. «Երանի ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ մենք խուսափեինք նրանից»:
Այս խոսքերին ի պատասխան Զուրաբյանը ասաց. «Փաստորեն ստացվում է, որ դուք հետաձգում եք ընդդիմության ներկայացրած նախագծերի քննարկումը, մինչդեռ երկրում իսկապես առաջացել է կառավարման խորը ճգնաժամ: Ժողովրդական մեծ ընդվզում կա, որի մասին վկայում են բազմահազարանոց հանրահավաքները»: