«Բյուջեն իր գաղափարախոսությամբ չի տարբերվում նախորդից, քանի որ հիմնական ծախսային հոդվածներով է որոշվում բյուջեյի գաղափարական հենքը: Եթե սոցիալական ոլորտը կազմում է 47 և ավելի տոկոս, ապա կարելի է ասել, որ մենք ունենք սոցիալական ուղղվածության բյուջե»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց տնտեսագետ, բյուջեի վերլուծությունների հեղինակ, փորձագետ Վիլեն Խաչատրյանը:

Զարգացման բյուջե որպես այդպիսին տնտեսական բաղադրիչներով շատ ավելի թույլ է արտահայտված քան իր սոցիալական հատվածինը, ըստ տնտեսագետի: «2014թ-ի սկզբին ունեինք որոշակի դանդաղող տնտեսական աճ և արդեն խոսք էր գնում ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Այնպես, որ բախվելու ենք որոշակի իրողությունների հետ: 2015թ-ին մենք կունենանք արդեն նոր իրողություն՝ կգտնվենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում, և արդեն վերջնական հաստատման տարբերակն ունենալու ժամանակ 2018թ-ին մեր բյուջետային իրավիճակը կպայմանավորվի նոր տնտեսական իրողություններով»:

Սոցիալական բյուջե ունենալը վտանգավոր է հենց երկրի համար. «Եկամուտները կոնկրետ 2014թ-ի սկզբին 1 տրիլյոն 130 մլրդ. դրամ էր կազմում: 2015թ-ին բյուջեյի եկամուտները կկազմեն 1 տրիլոն 184 մլրդ. դրամ, մոտավորապես 54 մլրդ. դրամի աճ ենք գրանցում: Մենք տնտեսական զարգացման ծախսեր ոչ թե ավելացնելու քաղաքականություն ունենք, այլ կրճատելու: Սոցիալական ոլորտը՝ կենսաթոշակներ, նպաստներ, 2014թ-ին կազմել է 364 մլրդ դրամ, իսկ 2015թ.-ին ավելանալու է 28 մլրդ դրամով: Հենց այս հանգամանքներն են, որ մեր բյուջեն դարձնում են սոցիալական: Հասարակությունը իր ապրուստի նվազագույն բարեկեցությունը ապահովել: Սա նաև իր բացասական կողմերն ունի՝ ստացվում է, որ գերակշռում են թոշակառուներն ու նպաստառուները: Հայաստանը դառնում է նպաստառու երկիր»: