Երեկ՝ նոյեմբերի 13-ին, Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է դատապարտյալ Կարեն Սահակյանը: Դատապարտյալը վնասել է ինքն իրեն՝ սեփական մարմին ներարկելով թունավոր նյութ: Սակայն սա Կարեն Սահակյանի կողմից ինքնավնասման առաջին դեպքը չէր: Դատապարտյալների հիվանդանոցում Կարենը գտնվում էր, քանի որ նախքան այս դեպքերը նա կտրել էր ձեռքի և ոտքի երակները:
YerevanNews.am-ը կապ հաստատեց մահացած դատապարտյալի մոր հետ, որը պատմեց եղելությունը:
«Ցավը նրանում է, որ Դատապարյալների հիվանդանոցում բժիշկները ասում էին, որ վիճակը լավ է, բայց երեկ, երբ գնացինք Էրեբունի հիվանդանոց և բաժնի վարիչը խոսեց մեզ հետ և ասաց, որ հրաշք պետք է լինի, որ ինքը փրկվի: Ինքը ծայրագույն ծանր վիճակում է, հրաշք պետք է լինի:
Այո, ես գտնում եմ, որ առաջին անգամ Էրեբունի հիվանդանոցից պետք է իրեն ետ չբերեին: Բերեցին 1 ամիս էլ այդ վիճակով այստեղ մնաց ու վիճակը ավելի բարդացավ: Բայց թե ինչ են տվել, ով է տվել, որ ինքը ներարկի դա չեմ կարող ասել: Ինձ թվում է, որ սկզբից իրեն անուշադրության չմատնեին այսպես չէր լինի: Ինքն է իրեն վնասել»:
Կարենի իրեն վնասելու առաջին դեպքից հետո նրան Նուբարաշեն ՔԿՀ-ից տեղափոխել են «Դատապարյալների հիվանդանոց»: Իսկ արդեն այստեղ, Կարենը անհայտ կերպով ձեռք է բերել ներարկիչ և ինքնասպան է եղել:
Մայրը հայտնում է նաև, որ որդուն կարողացել է տեսակցել ընդհամենը մեկ անգամ, որից հետո նա մահացել է:
ԱՆ ՔԿՀ մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանի տեղակալը մեզ հետ զրույցում հաստատեց դատապարտյալ Կարեն Սահակյանի մահվան մասին լուրը, սակայն չկարողացավ տրամադրել դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Ըստ YerevanNews.am-ի աղբյուրների՝ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում ունեցել է խնդիրներ կապված պարտքերի հետ, որոնք էլ գոյացել են թղթախաղով զբաղվելու արդյունքում:
Հերթական անգամ մենք ականատես ենք լինում մեր պատկան մարմինների կողմից կատարվող անփույթ աշխատանքի արդյունքներին, ինչը այն անգամ հանգեցրել է մարդկային կյանքի կորստի: Հուսով ենք գոնե այս անգամ կպարզվի, թե որտեղից էին Կարեն Սահակյանի մոտ հայտնվել ներարկիչն ու թունավոր նյութը: