ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին: Ցուցադրվել է «տանկային երկամարտ», որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանի դիտաաշտարակից հետևել են նաև մարտական հրաձգության փուլին, այնուհետև տեղի է ունեցել զորավարժության, ինչպես նաև ծառայության ընթացքում առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած զինծառայողների պարգևատրման արարողությունը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է զորավարժության մասնակիցներին՝ պայմանական մարտադաշտում ցուցաբերած խիզախության, մարտական բարձր ունակությունների և խոշորամասշտաբ այս զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ:
«Հարգելի՛ գեներալներ, սպաներ,
Սիրելի՛ զինվորներ,
Ավարտին են մոտենում ԼՂՀ պաշտպանության բանակի և ՀՀ զինված ուժերի համագործակցության շրջանակներում երբևէ անցկացված ամենախոշոր, լայնամասշտաբ, ամենաօգտակար, զորավարժությունները, և չնայած ցավալի դեպքին, ես համարում եմ, որ զորավարժությունները հաջողությամբ են ընթացել: Իհարկե, համապատասխան մասնագետների, պատասխանատուների կողմից դեռևս կամփոփվեն, կվերլուծվեն և հետևություններ կարվեն, բայց այն, ինչ մենք տեսանք պայմանական մարտադաշտում, մեզ ուրախացնում է: Դուք ցուցաբերեցիք բարձր մարտական ունակություններ, ցուցաբերեցիք կամք, ցուցաբերեցիք Հայրենիքին նվիրվածություն: Ապրե՛ք, շնորհակալ եմ ձեզ:
Զորավարժությունների այս օրերին շատ ու շատ հայացքներ սևեռված էին այստեղ՝ ձեզ վրա, և դրանք միայն ձեր հպարտ ծնողների հայացքները չէին, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության, ամբողջ հայ ժողովրդի, որովհետև դուք մեր հույսն եք և մեր հավատը, դուք մեր սուրն եք և վահանը, իսկ ինչպես հայտնի է, վահանը ամուր է լինում, սուրը՝ շեշտակի, երբ դրանք գործադրվում են արդար նպատակով: Դուք ծառայում եք արդար գործի:
Ապրե՛ք դուք:
Անշուշտ, ձեզ հետևում էին նաև օտարները և առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր միջոցների միջև տարբերություն չեն դնում և ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված և իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լավ եք կատարում: Մենք բոլորս հիշում ենք ամեն ինչ, և լինելու է հատուցման օրը: Ձեր խնդիրը շատ պարզ է՝ նույն ոգով շարունակել: Ես բազմաթիվ անգամ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 90-ական թվականների սկզբից սանձազերծված պատերազմը արդյունք էր նաև այն բանի, որ նրանք մեզ թերագնահատեցին, և, եթե Աստված մի արասցե, մեկ անգամ ևս նրանք սանձազերծեն պատերազմ, ապա նաև մենք ենք ունենալու մեղքի մեր բաժինը այնքանով, որքանով հնարավորություն տվեցինք նրանց թերագնահատելու մեզ:
Պարոնա՛յք սպաներ,
Սիրելի՛ զինվորներ,
Պայմանական մարտի դաշտում և շփման գծում ձեր կողմից ցուցաբերած վարքը, ձեր մարտական պատրաստականությունը արժանի է ոչ թե թերագնահատման, այլ գնահատանքի: Ձեր վարպետությունն արդեն ստիպում է Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների՝ փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին: Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ և հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Ո՛չ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք և զբոսանք չի լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ էլ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ:
Սիրելի՛ զինվորներ,
Հիշե՛ք, թղթերի վրա շատ լավ բաներ են գրված, այդ թվում նաև՝ մարդու, ազգերի իրավունքների մասին, բայց այդ իրավունքները պաշտպանության կարիք ունեն, և դուք եք երաշխավորը այդ իրավունքների: Աշխարհի շատ ժողովուրդներ արդարացիորեն հպարտանում են իրենց բանակներով, բայց դուք պատասխանատու եք մեր կյանքի համար, մեր ժողովրդի անվտանգության համար: Մենք ձեզ հավատում ենք և հենվելով այդ հավատի վրա՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացիորեն լուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որպեսզի ապահովվի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը:
Մենք շնորհակալ ենք ձեզ: Դուք մեր զավակներն եք, մենք ձեր թիկունքին ենք, դուք մեր պաշտպաններն եք: Հիշե՛ք: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, զորավարժություններով ոչինչ չի ավարտվում, զորավարժություններով նորից է սկսվում մարտական պատրաստությունը, չարչարանքը, նորից են սկսվում զրկանքները, որովհետև և՛ պատերազմը, և՛ զորավարժությունները արտակարգ իրավիճակներ են: Իսկ արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ գործողություններ, որոնք լի են դժվարություններով, զրկանքներով: Բայց հիշե՛ք՝ աշխարհի վրա չկա ավելի սրբազան բան, քան ծառայել Հայրենիքի անվտանգությանը: Դուք դա շատ-շատ լավ եք անում:
Շնորհակալ եմ ձեզ՝ մեր ժողովրդի անունից:
«Բարի ծառայություն»,- զորավարժության մասնակիցներին ուղղված իր խոսքում ասել է ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:
Այնուհետև «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել զորահանդես:
Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այսօր ներկա են գտնվել նաև Մարտակերտ քաղաքում զինվորական հոսպիտալի նորակառույց մասնաշենքի բացմանը: