Ադրբեջանը ցանկանում է մեզ միշտ պահել լարվածության մեջ: Բան այն է, որ և՛ ռազմական, և՛ քաղաքական դաշտում Ադրբեջանը երբեք չի պահում սահմանված նորմերը: Այս քայլով նրանք ցույց տվեցին, որ սա միայն ռազմական դիրքորոշում չէ, այլ նաև քաղաքակա ենթատեքտ է պարունակում և մենք ռազմական փորձաքննություն պետք է անցկացնենք: Այս և մի շարք այլ հարցերի մասին այսօր՝ նոյենբերի 15-ին խոսեցին Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Ըստ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Ադրբեջանը որևէ նորմի չի ենթարկվում, և օրեր առաջ ԼՂՀ ուղղաթիռի ոչնչացումը Ադրբեջանի կողմից կարող է լինել կառավարական որոշում. «Այդ հանցագործութան համար ոչ միայն զինվորականներն են մեղավոր, այլև կառավարությունը, և պետք է դրա համար հետաքննություն անցկացներ: Սա ռազմական հանցագործություն է»:
ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝ մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել. «Ոչ թե ագրեսիա է տեղի ունեցել, քանի որ ագրեսիան դա այն է, երբ հակառակորդի ուժերը ներթափանցում են քո տարածք, այլ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտում: Անկախ նրանից, թե ինքնաթիռը ինչքան է մոտեցել հայ-ադրբեջանական սահմանին, քանի որ այստեղ որևէ սահմանափակում լինել չի կարող, հայկական կողմին որևէ մեղադրանք ներկայացնել հնարավոր չէ: Տեսաերիզում հստակ երևում է, որ ուղղաթիռը չունի մարտական զենք ու չի մտել ադրբեջանական տարածք: Որևէ հիմնավորում ադրբեջանական կողմից չի կարող ճիշտ լինել»:
Պարոն Հարությունյանը հիշեցրեց միջազգային հանրության արձագանքը, որը միանշանակ մեղադրեց Ադրբեջանին, որ ԼՂՀ-ում ոչնչացվել է ուղղաթիռ, որը կատարում էր ուսումնական թռիչք. «Նիկոլայ Բորդյուժան ևս ասել է, որ սա բերելու է հակամարտության լարման: Բանն այն է, որ Ադրբեջանը չի կարող ռազմական ճանապարհով հարցին լուծում տալ, դրա համար վախի մթնոլորտ է փորձում սերմանել»:
Այն հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպես հակահարված, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց.
«Այս հարցերը պետք է լուծել ռազմական ճանապարհով: Մենք անպայման պետք է տանք հակահարված, և առհասարակ այս դեպքից հետո մենք չպետք է թողենք անպատասխան հարվածներ: Մենք տալիս ենք հակահարված միայն այն դեպքում, երբ խախտվում է զինադադարը, հակառակ դեպքում մենք պատերազմի չենք ձգտում»: