Հարկադիր կատարման ծառայությունում ստացված դիմումներից պարզվել է, որ մի քանի քաղաքացիներ կատարողական վարույթներով նախատեսված բռնագանձման ենթակա գումարները վճարել են նախկին հարկադիր կատարող Գ. Սարգսյանին, ով իր ծառայության ընթացքում սեփական հայեցողությամբ տնօրինել է այդ գումարները և պահանջատերերին չի փոխանցել: Այս մասին հայտնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը:
Ուսումնասիրելով դիմումներում ներկայացված փաստերը և հաշվի առնելով, որ նախկին հարկադիր կատարող Գ. Սարգսյանի գործողություններում կարող են պարունակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, 18.11.2014 թվականին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի համապատասխան գրությամբ նյութեր են ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար:
Նշենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանի համաձայն՝ ՀՀ հարկադիր կատարման ծառայության նախկին հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Գ. Սարգսյանը 01.02.2014թ. հեռացվել էր Ծառայությունից: