««Ժողովուրդ» թերթը Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ զրուցեց հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի վթարի և նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցի մասին:

- Պարո՛ն Արշակյան, ըստ Ձեզ՝ դերասան Վարդան Պետրոսյանը ի՞նչ խախտում էր իրականացրել և, առհասարակ, իսկապես այդ խախտումը բացառիկ խախտում էր, որ անհատական վերաբերմունք ցուցաբերվեց նրա նկատմամբ:

- Գիտեք՝ այդ գործով որևէ առնչություն չունեմ, դեպքի վայրում չեմ եղել, և այդ գործի նյութերին ընդհանրապես ծանոթ չեմ, հետևաբար իմ կողմից ճիշտ չի լինի գնահատական տալ: Համապատասխան ծառայությունների կողմից տարբեր փորձաքննություններ են նշանակվում, և դատարանը քննում է այդ գործը:

- Այսպիսի պատահարների մասին բազմիցս ենք լսում, ի վերջո, նման փորձանք ցանկացածի հետ էլ կարող է պատահել: Արդյո՞ք համաչափ է այս կերպ Վարդան Պետրոսյանին պատժել՝ նրան կալանքի տակ պահելով:

- Միանշանակ, մենք նմանատիպ բազմաթիվ դեպքեր ունենք: Դուք հնչեցրեցիք, որ Վարդան Պետրոսյանը ճանաչված է, և դրա համար էլ այսպիսի հնչեղություն է ստացել: Վարդան Պետրոսյանի նման բազմաթիվ վարորդներ ունենք, որոնց գործերը նույնպես գտնվում են դատարանում: Այսքան ժամանակ որևիցե առնչություն Վարդան Պետրոսյանի դեպքը և թատրոնը չեմ կարողացել գտնել: Եթե փորձեք հետաքրքրվել, ավելի ծանր դեպքեր ունենք:

- Օրինակ՝ 2013թ. ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջկա մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել Մոսկովյան 23 շենքի դիմաց: Բախվել էին Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի և Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները: Գեներալի դուստրը դուրս էր եկել Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենայից և մոտ 20 րոպե հասարակական վայրում ցուցաբերել լկտի պահվածք` հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով հավաքվածների հասցեին: Անգամ չէր ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին: Արդյունքում՝ ոչ մի պատասխանատվություն, անարդարություն չե՞ք տեսնում:

-Իհարկե՝ ո՛չ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: