«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջիհարդիստները նոր տեսագրություն են հրապարակել բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիի մասնակցությամբ, որը 2012թ.-ի նոյեմբերից պատանդ է խմբավորման զինյալների մոտ:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը՝ Քենթլին մեղադրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քամերոնին ժամանակին իրեն գերությունից ազատելու համար քայլեր չձեռնարկելու մեջ: Քենթլիի մասնակցությամբ սա արդեն 7-րդ տեսահոլովակն է, որի մեջ նա մեղադրանքներ է հնչեցնում նաև ԱՄՆ կառավարման համակարգի հասցեին:
Քենթլին հայտնում է, որ դեռևս հուլիսին ԱՄՆ-ն հատուկ գործողության միջոցով փորձել է դուրս բերել պատանդներին բանտերից, սակայն այն ձախողվել է: Քենթլին մեղադրում է ԱՄՆ-ին նման փորձեր կատարելու փոխարեն «Իսլամական պետության» հետ չբանակցելու և պատանդների համար փրկագին չվճարելու մեջ:
Հիշեցնենք նաև, որ լրագրողը նախորդ տեսանյութերից մեկում մասնավորապես ասել էր. «Ցավոք սրտի Բարաք Օբաման ընտրել է կոնֆլիկտի կարգավորման առավել կանխատեսելի ճանապարհը: Օդային հարվածները կօգնեն արևմուտքի երկրներին գրավել և պահպանել իրենց անհրաժեշտ օբյեկտները և շրջանները, որի համար անհրաժեշտ են վերապատրաստված և կարգապահ զորքեր: Սակայն ո՛չ իրաքյան, ո՛չ սիրիական զորքերը այպիսին չեն հանդիսանում»: