Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականների հսկողության տակ գտնվող շրջաններում այժմ գտնվում է մոտ 7,5 հազար ռուս զինվոր:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը՝ նշելով, որ այդ փաստը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղ կարգավորմանը,- գրում է Deutsche Welle-ն:
«Արտաքին գործոնը և Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի 7,5 հազար ներկայացուցիչների ներկայությունը ապակայունացնող գործոն է և, ցավոք, խանգարում է մեզ արագ կայունացնել իրավիճակը մեր պետությունում»,- ասված է Ուկրաինայի ռազմական գերատեսչության կայքում հրապարակված Պոլտորակի հայտարարության մեջ:
Պոլտորակը հավելել է, որ Ռուսաստանի ագրեսիան իր գերատեսչության առջև Ուկրաինայի զինված ուժերի քանակը, ինչպես նաև սպառազինության և տեխնիկայի քանակը մեծացնելու խնդիր է դնում: