2015թ. բյուջեն անհաջող է և վերանայման կարիք ունի, իսկ պետությունը ձեռքերը լվացել է: Այսօր՝ նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը այս և պետության բյուջեին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ խոսեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, նշելով որ դրամի 3-4%-ի արժեզրկումը արդեն իսկ նշանակում է, որ 2015թ. բյուջեն վերանայման կարիք ունի:
«Բյուջեյում թեթև տնտեսական աճ են խոստանում։ Եկամուտների աճը նախատեսում են 4.4 տոկոս, ծախսերի աճը՝ 4.3 տոկոս, որը արդեն իսկ մտահոգությունների տեղիք է տալիս: Հարցն այն է, որ ներկայումս առկա իրողությունները պետք է համարժեք լինեն: Ցանկացած քաղաքացի կասի, որ գալիք տարին վտանգված է, ու դրա պատճառը վտանգված Ռուսաստանն է, որը զրոյական տնտեսական աճ է ունենալու այս տարի: Բյուջեն պետք է արձագանքեր այս խնդիրներին, հարցեր դներ, մասնակից պետք է լիներ այս խնդիրներին, տվյալ դեպքում ասում է՝ ձեռքերս լվանում եմ»:
Իսկ այն մասին, թե ինչպիսի՞նն է լինելու 2015թ. բյուջետային ծրագիրը,- տնտեսագետը նշեց հետևյալը:
« 2015թ.-ի բյուջեի ծրագրից ավելի անհաջող ու վատ ծրագիր հնարավոր չէր մշակել: Ընդհանրապես ամեն տարվա բյուջեն քիչ բանով է տարբերվում մյուս տարվա բյուջեից: Մի փոքր գումար են նետում մարդկանց, բայց ոչ մի ծրագրային մոտեցում չկա: Ապակողմնորոշելու համար անուններ են դնում բյուջեին՝ սոցիալական կամ մեկ այլ բան: 2015թ-ի բյուջեով տնտեսական հարաբերություններին տվող գումարը կրճատվել է 23 մլրդ-ով, իսկ հասարակական կարգի ապահովման համար ավելացրել են 46 մլրդ-ով: Սա անտրամաբանական է»: