Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Համլետ Ղազարյանը երկու օր առաջ դիմել է ինքնավնասման՝ կուլ տալով ածելի և ասեղ: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին դատապարտյալի հարազատները:
Համլետ Ղազարյանը ըստ մեր տեղեկությունների դիմել է ինքնավնասման քրեակատարողական հիմնարկում իր դեմ կիրառվող դաժան վերաբերմունքի պատճառով: Նրան հիմնարկում ենթարկում են հոգեկան տանջանքների: Ըստ հարազատների խոսքերի նման վերաբերմունքի պատճառը Համլետի կողմից ներկայացված բողոքներն են ընդդեմ քրեակատարողականի պետ Գևորգ Մկրտչյանի և մյուս աշխատակիցների:
Դատապարտյալը բացահայտորեն հայտարարել է, որ կշարունակի դիմել ինքնավնասման և ինքնասպանության փորձեր կկատարի: Դատապարտյալը այս կերպ դիմում է նաև ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին՝ խնդրելով նրան պատժել մեղավորներին և կարգ ու կանոն հաստատել ոլորտում:
Համլետը բողոքներ է ներկայացրել նաև մեկ ամիս առաջ, սակայն նրան խաբելով համոզել են, թե իրենց վերաբերմունքը կփոխվի, որից հետո ինքը հետ է վերցրել բողոքները և գործը կարճվել է: Իսկ Համլետին հոգեպես տանջում են նրա մասին սուտ լուրեր տարածելով դատապարտյալների շրջանում՝ նրան ներկայացնելով որպես «իրենց մարդ»: Այս դեպքում դատապարտյալները կարող են դաժան գտնվել Համլետի նկատմամբ և պատժել նրան:
YerevanNews.am-ը այս հարցի շուրջ զրուցեց ԱՆ ՔԿՀ մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանի հետ, որն էլ պատասխանեց. Երեկ ժամը 18:00-ին դատապարտյալը բանավոր հայտարարություն է տվել այն մասին, որ իրեր է կուլ տվել և ներկայացրել է անօրինկական պահանջներ: Նրան առաջարկել են անցկացնել ռենտգեն հետազոտություն, սակայն նա հրաժարվել է:
Նշենք նաև, որ ըստ հարազատների տեղեկությունների՝ դատապարտյալը ածելին ու ասեղը կուլ է տվել հենց բուժքրոջ և հսկիչի ներկայությամբ: Համլետը իսկապես հրաժարվում է ռենտգեն հետազոտությունից պատճառաբանելով թե չի վստահում ոչ-ոքի:
Գործը ներկա դրությամբ դեռևս չի հայտնվել Հատուկ քնչական ծառայությունում: