Վիվա–Սել–ՄՏՍ ընկերությունը ձեռնպահ է մնում  751 մլն դրամ յուրացման գործով լրացուցիչ մեկնաբանությունից։ Նշենք նաև, որ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում ստացվեց, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունում կատարվել է յուրացում: Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց պարզել, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդների սպասարկման և բողոքարկման Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը 2010-2014 թվականների ընթացքում, պարբերաբար ընկերության գլխավոր պահեստից լիցաքավորման քարտեր ստանալով`ապօրինի վաճառել է, իսկ վաճառքից գոյացած 751 մլն դրամը յուրացման եղանակով հափշտակել` ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: 

Ընկերության հայտարարության մեջ ասվում է.

«Հայտնում ենք, որ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն ներքին ստուգումների արդյունքում հայտնաբերելով շուրջ 751 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ նյութական արժեքների կորուստ` հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն` Ընկերությունից յուրացման փաստի կապակցությամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ, հիմք ընդունելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, ընկերությունը ձեռնպահ է մնում որևէ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն հրապարակելու հարցում»: