«Հայաստանի ձայնը» մեգանախագծի, Եվա Ռիվասի ու իր նմանության, իր հայկական արմատների և շատ այլ թեմաների մասին YerevanNews.am-ը զրուցեց Եվա Ռիվասի սան Անժելա Բաղրամյանի հետ:
- Ու՞մ մտահղացումն էր, որ մասնակցեք «Հայաստանի ձայնը» նախագծին:
Միտքը մայրիկիս ընկերուհունն էր, ով ապրում է Ստավրոպոլում: Նա է դիմում ուղարկել: Որից հետո, երբ ինձ ընտրեցին, եկավ հեռախոսազանգ, որ ես մասնակցում եմ «Հայաստանի ձայնը» նախագծին: Ես զարմացած էի և շատ ուրախ:
- Վաղու՞ց եք երգում:
Այո, ես մանկուց երգում եմ: Ավարտել եմ Ռոստովի երաժշտական արվեստների քոլեջը, այժմ էլ սովորում եմ կոնսերվատորիայում:
- Ձեր արմատները հայկակա՞ն են:
Իմ արմատները լրիվ հայկական են: Իմ ընտանիքում բոլորը հայ են, ես ծնվել եմ Վանաձոր քաղաքում:
- Որքա՞ն հաճախ եք լինում Հայաստանում:
Աշխատում եմ որքան հնարավոր է հաճախ գալ Հայաստան: Այս ամառ մի քանի անգամ եմ եկել, նախորդ ամռանը նույնպես: Ընդհանրապես բավականին հաճախ եմ լինում Հայաստանում:
- Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր աշխատանքային ուղին Հայաստանում:
Ուսումս ավարտելուց հետո պատրաստվում եմ տեղափոխվել Հայաստան և այստեղ սկսել կարիերաս: Առաջին հերթին պատրաստվում եմ ստեղծել երաժշտական խումբ, որովհետև, իմ կարծիքով, դա հիմա ավելի հետաքրքիր է, քան լինել պարզապես երգչուհի:
- Ովքե՞ր են երկրպագում Ձեզ նախագծի ընթացքում:
Մորաքույրս, բազմաթիվ ընկերներս: Մենամարտեր փուլի ժամանակ Ռոստովից ընկերներս էին եկել՝ նախապես ինձ չասելով դրա մասին: Երբ բեմում երգում էի, պատահական շրջվեցի և տեսա նրանց, մոտս շոկ առաջացավ և սկսեցի մտածել ոչ թե երգի, այլ նրանց հայտնվելու մասին:
Հարցին, թե շրջված երեք մարզիչներից, ինչու նախապատվությունը տվեց Եվային, Անժելան ժպիտով պատասխանեց, որ առաջին հերթին երկուսս էլ Ռոստովից ենք / ծիծաղում է /: Եվա Ռիվասը երիտասարդ է, նրա հետ հեշտ է աշխատել և հասկանալ միմյանց: Ես գիտեի Եվայի երաժշտական տվյալների մասին և չսխալվեցի: Հիմա բացարձակ չեմ փոշմանել, որ նրան եմ ընտրել:
- Ամենաթանկ խորհուրդը, որ տվել է Ձեզ Եվա Ռիվասը:
Նկարահանումներից մեկի ժամանակ ես լաց եղա: Եվան ասաց, որ իմ լացը պետք է լսեն միայն չորս պատերը: Դա ինձ համար անչափ կարևոր խորհուրդ էր, ու ես հետևում եմ դրան ու կհետևեմ ողջ կյանքում: Կարելի է ասել, որ Եվան ինձ համար ոչ միայն երաժշտական մարզիչ է, նա նաև իմ կյանքի մարզիչն է:
- Ի՞նչ խորհուրդ կտաս քո ընկերներին, ովքեր գուցե հետագայում կմասնակցեն նման նախագծերի:
Լինել վստահ, ուժեղ և անկեղծ: Կարող են լավ երգել, բայց կեղծ լինելը բացասական էներգիա է տարածում, որը միևնույնն է զգացվում է:
- Ինչպիսի՞ յուրահատկություն ունի Եվա Ռիվասը, որով տարբերվում է ժյուրիի մյուս անդամներից:
Ցավոք, ես այդքան լավ ծանոթ չեմ մնացած մարզիչներին, չնայած շատ եմ ցանկանում: Եվա Ռիվասը երիտասարդ է, անընդհատ շարժման մեջ է, միշտ նոր բաներ է փնտրում և այդ ամենի միաձուլումն առանձնացնում է նրան մյուսներից:
Զրույցի ընդացքում Անժելան հավելեց նաև, որ իր և Եվայի հարաբերություններն ընկերական են, նույնիսկ կարելի է ասել, որ ընկերուհիներ են այսուհետ, իսկ հարցին, որ, նրան նմանեցնում են Եվա Ռիվասին: Ինքն արդյոք կիսու՞մ է այդ կարծիքը: Անժելան պատասխանեց.
Մինչ նախագիծը ես ընդհանրապես չեմ նմանեցրել մեզ և չեմ էլ մտածել այդ մասին: Բայց նախագծի սկզբում Սոնան, երբ ինձ տեսավ Եվային հարցրեց.«Եվա, սա քո քույրի՞կն է»: Այդ պահից սկսած ես նույնպես սկսելի մտածել այդ մասին և հասկացա, որ որոշ նմանություններ իսկապես կան: Բայց մենք քույրիկներ չենք: (ծիծաղում է)