«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Աժ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպմանը ներկա պատգամավորներից որևէ մեկը չի ասել՝ արդյոք երկու ժամից ավելի տևած հանդիպման ընթացքում անդրադարձ եղե՞լ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու պայմանագրին, թե՞ ոչ: Նրանք պնդում էին, որ հանդիպումը փակ է եղել, ուստի քննարկված հարցերն էլ գաղտնի են: Բայց դժվար չէ կռահել, որ ոչ թե Հեֆերնն է փորձել հայ պատգամավորներին համոզել ԵՏՄ-ին միանալու աննպատակահարմարության մեջ, այլ որոշ հայ պատգամավորներ են փորձել Հեֆերնին համոզել, որ Հայաստանը պարտադրված է միանալ ԵՏՄ–ին, և ԱՄՆ իշխանություններն էլ պետք է ըմբռնումով մոտենան Հայաստանի որոշմանը:
Ընդհանրապես՝ պայմանագրի կողմնակից հայ պատգամավորների հիմնական փաստարկը հենց այլընտրանքի բացակայությունն է, որի իմաստն այն է, որ մենք շատ կցանկանայինք եվրոասոցիացվել, բայց դե, Ռուսաստանը մեզ չի թողնում: Իհարկե, կան նաև բացառություններ, օրինակ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն ԱՄՆ դեսպանին է նվիրել իր հերթական գիրքը, որը վերնագրված է՝ «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է՝ հաղթել սանձելով պատերազմը»: Ըստ Գեղամյանի՝ գրքում կա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ լուսանկարը, և դրանով ամեն ինչ ասված է»,– գրում է թերթը։
Ավելի մանրամասները թերթի այսօրվա համարում: