Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.05-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային ձախ մասի կտրած-ծակած վերք, կոլակտոյիտ վիճակ» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի մի դպրոցից հիվանդանոց է տեղափոխվել 1997 թ. ծնված Տիգրան Գ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, Վանաձորի Ներսիսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Տիգրան Գ.-ն ստացել է վնասվածքը անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով, նաև պարզվել է, որ վիճաբանության ժամանակ ձախ գոտկային շրջանի կտրած վերքով հիվանդանոց է դիմել 1997 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով:
Նշանակվել են ԴԲՓ-ներ: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.30-ին, ինքնակամ, մեղայականով բաժին է ներկայացել 1997 թ. ծնված Նարեկ Ա.-ն և խոստովանել, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել Տիգրան Գ.-ին և Ռոբերտ Պ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նարեկ Ա.-ն ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: