Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց, որ չի ընդունում հրապարակում օրենքներ ընդունելու ձևը, քանի որ կան պայքարի այլ՝ ավելի արդյունավետ միջոցներ.«Եթե չենք ընդունում պառլամենտը՝ ուրեմն կա բոյկոտի ձև, կա պահանջ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Եթե սկզբունքորեն չենք ընդունում պառլամենտը, ուրեմն փողոցու՞մ պետք է ձևավորենք օրենքը: Նոր սահմանդադրական ձև ընդունելու խնդիր կարելի է դնել, որը կարող է փոխել կառավարման համակարգը: Քաղաքական ուժը պետք է քաղաքական լուծումներ գտնի, հրապարակում նախարարներ նշանակելը ուղղակի ծիծաղելի է»։

Մինչդեռ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքերով պրոբլեմը սահմանադրության կամ օրենքների մեջ չէ, այլ այն է, որ այդ օրենքները չեն կիրառվում. «Եղել է պահանաջ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, սակայն մերժվել է նախագահի կողմից: Իսկ հետընտրական գործընթացներում մի շատ կարևոր գործընթաց կա՝ պատժել կեղծարարներին:  Իշխանությունները հայտարարում են, որ ընդունում են՝ շատ տեղերում եղել են խնդիրներ, բայց այդպես էլ չեն պատժում ոչ մեկին:  Եթե անգամ սրան որևէ արձագանք չտվեցին, ինչ իմաստ ունի լուրջ հույսեր կապել ավագանու ընտրությունների հետ,  քանի որ նույն մեքենան է աշխատելու»:

 Պարոն Գրիգորյանը նաև նշեց, որ իշխանությունները պետք է քաղաքական կամք ունենան. «Ի տարբերություն քաղաքական ուժերի ժողովուրդը համախմբվեց: Իշխանությունները կարող են ոչ մի ուժի առաջ չկանգնել իրենց նպատակներին հասնելու համար»:  Երվանդ Բոզոյանն էլ ավելացրեց, որ իշխանությունը երբեք էլ քաղաքական կամք չի ունեցել, իսկ ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունները քաղաքական կամք դրսևորելով կհանձնվեն դա ուտոպիա է:

Վերջինիս կարծիքով շատ հնարավոր է, որ իշխանությունները կոպիտ քայլեր կիրառեն Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ. «Եթե Լևոն Տեր­Պետրոսյանը մտներ քաղաքական գործընթացների մեջ իշխանությունները շատ ավելի կոպիտ քայլերի կգնային, բայց քանի որ չհայտնվեց Լևոնը՝ դրանից օգտվեց Րաֆին: Քանի որ այժմ  ինքը դարձել է ուժեղ գործոն չի բացառվում, որ կոպիտ քայլեր կսկսեսն ձեռնարկել նաև Րաֆֆիի դեմ: Իրենց համար էական չէ անուն­ազգանունը, պայքարում են բոլոր նրանց դեմ, ովքեր սպառնում են իրենց իշխանությանը»: