«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Գորիսից հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հրավիրել Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանին և հորդորել հրաժարական տալ ռեկտորի պաշտոնից: Նույն աղբյուրները հայտնում են, որ գործող ռեկտորը «գրողի ծոցն է ուղարկել» Լիսկային՝ հայտարարելով, որ դիմում չի գրի և ընդհանրապես Սուրիկ Խաչատրյանն իրավունք չունի նման բան պահանջելու:
Հիշեցնենք, Գորիսի համալսարանի ռեկտորն այս ընթացքում աչքի է ընկել հակալիսկայական գործողություններով ու նրա դեմ պայքարով, և Լիսկայի վերադարձից հետո շատերը Սյունիքում վստահ էին, որ վերանշանակված մարզպետի առաջին իսկ գործերից մեկը լինելու է Յուրա Սաֆարյանից ազատվելու փորձը:
Երեկ, երբ ռեկտորից մեկնաբանություն խնդրեցինք սույն լուրերի կապակցությամբ, նա ասաց. «Ես հերքում եմ այդ տեղեկությունները, նրա հետ (նկատի ունի Սուրիկ Խաչատրյանին) հանդիպում տեղի չի ունեցել և չի էլ կարող ունենալ: Նա այդ իրավասությունը չունի՝ ինձնից հրաժարական պահանջելու: Ես նրա ենթական չեմ: Եվ ես չեմ թողնի, որ իմ իրավունքները ոտնահարեն»»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: