«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թվում է, թե այլևս չենք կարող զարմանալ ՀՀ իշխանությունների անհեթեթ քայլերի վրա, բայց ամեն նոր փաստից հետո հասկանում ենք, որ դեռ ինչեր չգիտենք:

«Վիկիլիքսյան» գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2008-ին, երբ ներկայումս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվել է ընդհատակում` իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար, ՀՀ ԱԱԾ-ն նրան փնտրել է ԱՄՆ դեսպանատանը:

ՀՀ-ում 2008-ին ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը Պետդեպարտամենտին ուղարկված փաստաթղթում տեղեկացրել է, որ 2008թ. մարտի 24-ին ԱԱԾ գնդապետներ Արմեն Ալոյանն ու Վահագն Վարդումյանը՝ ԱԱԾ պետի անունից, ցանկացել են ճշտել, թե արդյոք ԱՄՆ դեսպանատունը չի թաքցնում Նիկոլ Փաշինյանին:

Փենինգտոնը, բնականաբար, ԱԱԾ-ականներին պատասխանել է, որ իրենց հասած լուրերը իրականությանը չեն համապատասխանում, միևնույն ժամանակ հիշեցրել է, որ դեսպանատան շենքն ԱԱԾ-ի աշխատակիցներն են հսկում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: