«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս կիրակի լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցը: Հայաստանի ղեկավարությունից և ոչ մեկն այս տարի չի բարեհաճել այցելել աղետի գոտի: Անհայտ է, թե Սերժ Սարգսյանը, Աժ նախագահ Գալուստ Սահակյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կիրակի օրն այդ ինչ կարևոր գործով են զբաղված եղել, որ ժամանակ չեն գտել Գյումրի, Սպիտակ կամ Վանաձոր այցելելու համար: Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանը և ՀՀ Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվութան վարչության պետ Արսեն Բաբայանը հրաժարվել են պատասխանել «Ժողովուրդ»-ի բանավոր հարցին և պահանջել են հարցը գրավոր ներկայացնել, որը ևս անպատասխան է մնացել: ՀՀ Կառավարությունից էլ հնարավոր չեղավ պարզել, թե ինչու աղետի գոտի չի այցելել վարչապետը: Համաձայնեք՝ փաստն ինքնին խոսուն է. նրանք ժամանակ չեն գտել՝ աղետի գոտի այցելելու և զոհերի հիշատակը հարգելու համար:
Փոխարենը երեկ Սերժ Սարգսյանն այցելել է «Սիթի-մոբիլ» ու «Մարկետ» ընկերությունների գրասենյակ, ինչպես նաև՝ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն: Նշված ընկերությունները ստեղծվել են ռուսական կապիտալով, իսկ ավելի կոնկրետ՝ կապվում են Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հետ: Նա այս օրերին Հայաստանում է և երեկ ուղեկցում էր Սերժ Սարգսյանին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։