Ստորև Ձեզ ենք ներկայացնում ԱԺ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության հայտարարությունը, որում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,
- խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում մի շարք հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երևույթներով,
- ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ և անաչառ գործունեությունը` մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար,
- ընդգծելով` մեր գործընկեր Արամ Մանուկյանի և բռնության ենթարկված մյուս քաղաքացիների գործերի քննությունը Ազգային Ժողովի և անձամբ ԱԺ Նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը։
Հայտարարում ենք, որ
1. խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ.
2. կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և կազմակերպություններին, իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը, և կարող են ավելացնել անհարկի լարվածությունը հասարակության մոտ»: