Այսօրվա գրոհայինները ոչ թե մոլորյալ են, այլ՝ հիվանդ։ Նրանց չի կարելի բուժել, նրանց կարելի է միայն ոչնչացնել։ Այդ մասին «Известия» թերթին ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է Вести-ն։
Կադիրովը զգուշացրել է, որ այն մարդիկ, ովքեր «ընտրել են իսլամի, իրենց ժողովրդի և օրենքի դեմ ուղին», դաժանորեն կպատժվեն։ Նա վստահեցրել է, որ Չեչնիայում կձեռնարկվեն բոլոր միջոցառումները, որպեսզի չկրկնվի իրավիճակը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ին Գրոզնիում ահաբեկչության ժամանակ։
Կադիրովը հայտնել է, որ Չեչնիայում սկսել են լրջորեն զբաղվել ահաբեկչության դեմ պայքարով։
«Երբ մենք ստանանք օպերատիվ տեղեկություն, մենք չենք սպասելու ինչ-որ որոշման, այլ մեկնելու ենք և ստուգելու այն թե՛ Ինգուշեթիայում, թե՛ Դաղստանում, և բոլոր ահաբեկիչներին ոչնչացնելու ենք»,- հայտարարել է Կադիրովը։
Կուժեղացվեն անվտանգության միջոցառումներն ամանորյա տոների նախօրեին։