Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է նույն օրը Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության» 6-րդ համաժողովին:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ազատամարտի վետերանների և կազմակերպության դերակատարությունը պետականաշինության ու մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ազատամարտիկների առողջության պահպանմանը, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Նախագահը նաև պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: