«Հրապարակ» թերթը գրում է.
«Դոլար-դրամ տատանումներն իսկական աժիոտաժ առաջացրին վերջին օրերին: Այդ աժիոտաժն անդրադարձավ նաև բանկերի վրա, որոնցից որոշները, գուցե, սկսեցին կա՛մ սպեկուլյացիաներ անել, կա՛մ էլ պարզապես դադարեցնել վարկերի տրամադրումը: Մի քանի բանկերում անցկացրած մեր հարցախույզը ցույց տվեց, որոշ բանկեր այս օրերին պարզապես հրաժարվել են վարկեր տրամադրել հատկապես դրամով: Իսկ դոլարով՝ խնդրեմ:
«Յունիբանկից», օրինակ, մեզ ասացին, որ ապառիկի դեպքում վարկավորում իրականացնում են դրամով, իսկ, այ, սպառողական վարկ չեն տրամադրում: Մյուս կողմից, սակայն, տեղեկացրին, որ նույն սպառողական վարկը՝ դոլարով, կարող են վերցնել քաղաքացիներն իրենց մոտից 20 տոկոս տոկոսադրույքով: «Յունիբանկը» նաև դոլարի և մյուս արտարժույթների ազատ առքուվաճառք է իրականացնում:
Հարցին, թե ինչն է պատճառը, որ այս պահին դրամով կանխիկ վարկեր չեն տրամադրում, արդյոք դոլար-դրամ տատանումնե՞րն են պատճառը, «Յունիբանկից» մեզ ասացին հետևյալը. «Այո, որպեսզի սպեկուլյացիաներից զերծ մնանք, կանխիկ վարկերը դադարեցրել ենք ժամանակավորապես»:
Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկից էլ մեզ ասացին, որ նպատակային վարկեր՝ ուսման, հիպոթեքային, ջեռուցման, տրամադրում են, իսկ առձեռն տրամադրվող վարկերը, օրինակ՝ սպառողական վարկ, այս պահին դադարեցված են: Բանկից մեզ ասացին նաև, որ իրենց մոտ սպառողական վարկերը միայն դրամով են տրամադրվում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: