Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ կայացավ Մատաղիսի գործով արդարացվածների բողոքի նախնական քննությունը ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի: Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել:

 Հիշեցնենք, որ հայցադիմումի համար հիմք էր հանդիսացել 2012 թ. դեկտեմբերի 18-ին Գագիկ Ջհանգիրյանի տված հարցազրույցը aravot.am և lragir.am լրատվական կայքերին, որտեղ նա մասնավորապես նշել էր. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:

Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ փաստաբան Վահե Հովսեփյանի խնդրանքով դատական նիստը հետաձգվեց, քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ հայցվորների հայցադիմումի պահանջը փոփոխելու և լրացնելու մասին դիմումին ծանոթանալու և գրավոր դիրքորոշում ներկայացնելու համար պատասխանող կողմին ժամանակ էր հարկավոր:

 Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 10-ին ժամը 14:00-ին: