ՀՀ նախագահի այս ընտրությունները նախորդից տարբերվում են նաեւ նրանով, որ նախորդ ընտրություններում իշխանության թեկնածուի ձայների ապահովումը նախեւառաջ դրված էր մեծամասնականով ընտրված պատգամավորների վրա, իսկ նրանք, ինչպես հայտնի է, քրեածին-օլիգարխիկ կենսագրություն ունեին: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Այս ընտրարշավին, սակայն, Սերժ Սարգսյանի թիմը օլիգարխներին միտումնավոր մեկուսացրել է` ցանկանալով պատրանք ստեղծել, թե իբր կրիմինալն ու օլիգարխիան տարանջատված է գործող վարչախմբից: Եվ այսպես «ՉԻ» տեղեկություններով` Երեւանից դուրս ձայներ ապահովելու հանձնարարականները տրված են մարզպետներին, քաղաքապետներին, գյուղապետներին, ասել է թե` պետական համակարգում պաշտոն զբաղեցնող չինովնիկներին: Իսկ սա նշանակում է, որ հիմա կեղծելու են նաեւ «օրինական ընթացակարգերով»: Ի դեպ, ՀՀԿ-ն այս անգամ նախընտրական շտաբ բացելու համար գումարներ չի տրամադրում. անգամ էլեկտրաէներգիայի եւ ընթացիկ ծախսերի համար բյուջե չի տրամադրել, այդ ծախսերը պետք է հոգան տեղական իշխանիկները:
Փոխարենը` ՀՀԿ շտաբների պատասխանատուները զանգահարում են հատկապես դպրոցների մանկավարժների բնակարաններ եւ ներկայանալով իբրեւ սոցհարցում կատարողներ, փորձում են ճշտել, թե մանկավարժները ճշգրտորե՞ն են կատարում վերեւից իջեցված` Սերժ Սարգսյանին ընտրելու հրահանգը: Եթե տվյալ հեռախոսահամարից այլ թեկնածուի անուն կամ չկողմնորոշված լինելու կարծիք է հնչում, մյուս օրը դպրոցի տնօրենը իր մոտ է հրավիրում տվյալ ուսուցչին եւ նրա առջեւ դնում հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Նշենք, որ ՀՀԿ-ական ակտիվիստները «ընտրատեխնոլոգիայի» մեկ այլ հնարք էլ են բանեցնում: Երբ վարչական որեւէ աշխատողից պահանջում են Սերժ Սարգսյանի համակիրների ցուցակ, ՀՀԿ շտաբի աշխատակիցները իրենց ծանոթներին օգնելու նպատակով, համակիրների ցուցակ են տրամադրում` արտագրելու համար»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։


