Անցնող տարվա ամենաանցանկալի իրադարձությունը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումն էր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:Նրա խոսքով՝ դա պատմական փաստ է, որով բնորոշվում է երկրի հետընթացը, իրադարձություն, որը չստացավ համարժեք արձագանք:
Չեմ կարող ասել, որ «Ժառանգություն» կուսակցությունը ձեռքբերումներ է ունեցել անցնող 2014 թվականին: Այս մասին ևս այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով 2014 թվականի ձեռքբերումներին ու բացթողումներից:
Նրա խոսքով՝ եթե կուսակցությունը ձեռքբերումներ ունենար, ապա Հայաստանի քաղաքացիները կապրեին ավելի բարեկեցիկ պայմաններում: «Բացթողումներ ու հետընթաց է եղել ամենուր: Կարող է մենք չունենք լծակներ, որպեսզի իրական ազդեցություն ունենանք, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ «Ժառանգություն» խմբակցությունը իր հնարավորությունների շրջանակներում աշխատել է, բայց չի հասել հաջողությունների»,-ընդգծել է Զարուհի Փոստանջյանը: