Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննեսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանի վախճանի մասին:
Վահան Հովհաննեսյանի ներկայությունը նշանակալի է եղել Հայաստանի քաղաքական դաշտում թե՛ արցախյան ազատամարտի տարիներին, թե՛ դրանից հետո՝ Հայաստանի Ազգային ժողովում:
Դժվար է պատկերացնել, որ գաղափարական մարտիկի, կիրթ մտավորականի, պետական ու կուսակցական գործչի, փայլուն հռետորի և վառ անհատականությամբ ընդգծված նրա կերպարը այլևս մաս չի կազմելու հայաստանյան և համահայկական քաղաքական գործընթացների: Վահան Հովհաննեսյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցության, այլև բոլորիս համար:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի գործչի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: