Տարին ավարտին ա մոտենում, ու բազմաթիվ կազմակերպությունները, իրար հերթ չտալով, մրցանակաբաշխություններ են իրականացնում՝ տարվա մարդ, տարվա գործիչ, տարվա արարք, տարվա ապրանք ու էլի լիքը էդ տիպի բաներ։
Ես մրցանականաշխություններ չեմ անցկացնում, բայց ես երկու կարծիք չունեմ, թե ով է ամենամեծ գովեստին արժանի՝ այս տարվա իր գործունեության համար։ Մի տեսակ պոպուլիստական կարող է թվալ Օհանյանին գովալը, բայց չեմ կարող արժանին չմատուցել էս մարդուն։ Ինքներդ դատեք.
- Այս տարի մենք երկու անգամ լիամասշտաբ պատերազմի շեմին էինք, ու միայն էս մարդու բարձր պրոֆեսիոնալիզմն ու փայլուն ադմինիստրատիվ ունակությունները թույլ տվեցին, որպեսզի մենք ոչ միայն չմտնենք մսաղացի մեջ, այլև արժանապատվությամբ դուրս գանք ճգնաժամից։ Իհարկե, դա արեց բանակն ու զինվորը, բայց Օհանյանն արժանի է ամենաբարձր գովասանքին, որովհետև հենց նա է կանգնած այդ կառույցի գլխին։
- Մենք փաստորեն երկու միկրոպատերազմ հաղթեցինք մեկ տարվա ընթացքում, իսկ պատերազմը հաղթում են հրամանատարները ու Օհանյանն՝ առաջին հերթին։
- Արմեն Հովհաննիսյանի ու մեր զոհված տղաների օրինակով տեսանք, թե ինչ զինվորներ է դաստիարակում հիմա բանակը, ու ընդամենը 15 տարում Օհանյանի հետևողական աշխատանքի շնորհիվ բանակի դեմքը «չաստ նայող»-ի մակարդակից անցավ խրամատում մի քանի անգամ վիրավորվելուց հետո էլ մարտը շարունակող (անգամ անզեն) զինվորի կերպարի։
- Օհանյանի ղեկավարության ներքո իրականացվեց համաշխարհային ամենաբարձր չափանիշները գերազանցող հատուկ գործողություն, որի շնորհիվ մենք հետ վերցրեցինք խփված ուղղաթիռի անձնակազմի աճյունները և չտվեցինք ոչ մի զոհ։
- Օհանյանին կարելի է ու պետք է գովել թեկուզ մենակ նրա համար, որ նա, առավել քան ցանկացած այլ հրամանատար, որ ունեցել ենք վերջին տարիներին, վայելում է հասարակ զինվորների սերն ու հարգանքը։ Զինվորական երդման ժամանակ զինվորները երդվում են, որ ի թիվս այլ բաների, թեկուզ իրենց կյանքի գնով պետք է պաշտպանեն հրամանատարներին, ու Օհանյանը հենց էդ հրամանատարն ա, որի համար դա կարելի է անել։
- Ու առհասարակ, բանակի էսօրվա բարձր վարկանիշն ու վստահությունը մեծապես պայմանավորված է անձամբ Օհանյանի անձնական որակներով ու խարիզմայով, նրա կիրթ ու շիտակ խոսքով ու իսկական սպային հարիր կեցվածքով։
Այնպես որ, չգիտեմ ում համար ոնց, բայց ես ուրախ եմ, որ ի հեճուկս բոլոր դեֆեկտների, որ առկա են այս պետությունում, ունենք մի հատ այնպիսի էֆֆեկտ, ում անունն է Սեյրան Օհանյան։
Կոնստանտին Տեր-Նակալյան Facebook