Հինգշաբթի կեսօրին, երբ ամբողջ Ֆրանսիայում մեկ րոպե լռությամբ հարգում էին սպանված 12 մարդկանց հիշատակը, Փարիզում գտնվող «Charlie Hebdo» խմբագրության շենքի առջև անձրևի տակ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ: Նրանք մոմեր էին վառում և սգում 12 անմեղների մահը:
Հավաքված մարդկանց մեծամասնությունը ուղղակի ապշած է տեղի ունեցածով և եկել է դժբախտության վայրը՝ սեփական աչքերով համոզվելու իրադարձությունների ճշմարտացիության մեջ: Բոլորը ցավում են զոհվածների համար և հավաստիացնում, որ Ֆրանսիան շարունակում է մնալ ազատ երկիր, որին ահաբեկչություններով չեն վախեցնի:
Ողջ մնացած լրագրողներից մեկը և թերթի իրավաբանը արդեն հայտարարել են, որ նոր համարը լույս կտեսնի հաջորդ հինգշաբթի օրը, սակայն 60 հազ. տպաքանակի փոխարեն 1 մլն. օրինակով:
Նշենք նաև, որ Փարիզի ոստիկանությունը շարունակում է 2 կասկածյալների որոնողական աշխատանքները: Ահաբեկչության դեմ պայքարի հատուկ նշանակության ջոկատները գործողություններ են իրականացնում երկրի հյուսիսում: