Ֆրանսիայում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունից հետո թուրք-ֆրանսիական գործարար խորհրդի ղեկավար Սանի Շեները մեկնաբանել է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ դա երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա:

Haberturk-ի հետ զրույցում Շեներն ընդգծել է, որ դեպքից հետո Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունն ու հյուպատոսարանը ցավակցել են, և Թուրքիան, որպես իսլամական երկիր, կատարված ահաբեկչության հետ որևէ կապ չունի:

Գործարարը նաև հիշեցրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ղեկավարման տարիներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի պատճառով երկու երկրների լարված հարաբերությունների պայմաններում անգամ ստորագրված գործարքների մասին և նշել, որ Ֆրանսիան ողջ աշխարհում 1.5 մլրդ մուսուլմանների հետ գործնական հարաբերություններ ունի:

«Ֆրանսիայի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն զարգացել են: 1915թ.-ի դեպքերի 100-ամյակին ընդառաջ հայերը նախապատրաստական աշխատանքներ են սկսել: Բայց չեմ կարծում, որ այդ պատճառով թուրք-ֆրանսիական հարաբերություններում լարվածություն կամ բացասական բան կառաջանա»,- ասել է նա: