«Հրապարակ» թերթը գրում է.
«Մասնագիտությամբ բժիշկ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լծվել է Հայաստանի կրթության օրգանիզմի վիրուսները և հիվանդությունները հայտնաբերելու գործին: Երեկ նա հայտարարեց, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգն արդեն պատրաստ է, և 2015 թվականի արդյունքների ամփոփման ժամանակ դպրոցները կարող են սրտատրոփ սպասել «տարվա լավագույն և վատագույն դպրոց» մրցանակաբաշխությանը: «Ի տարբերություն հանրային այն ընկալման, որ կրթության որակը խիստ անհամաչափ է քաղաքում և մարզերում, օբյեկտիվ չափագրման արդյունքում մենք տեսնում ենք տվյալներ, որ համադրելի դպրոցների պարագայում մենք ստանում ենք գրեթե համարժեք վիճակ: Մայրաքաղաքային դպրոցները և մարզային առաջատար դպրոցները տալիս են կրթության համապատասխան համարժեք որակ»:
Ինչպե՞ս են կազմում վարկանիշային ցուցակը. նախ տնօրենները լրացնում են ձևաթուղթ, որը կազմված է լինում 40 հարցերից: Բայց քանի որ մեր նախարարություններն այդքան էլ միամիտ չեն, որպեսզի հավատան բոլոր տեղեկություններին, գործի են դնում «Վստահիր, բայց ստուգիր» սկզբունքը: Արմեն Աշոտյանն ինքն էլ խոստովանեց, որ քիչ չեն այն դեպքերը, երբ տնօրենները թյուր ինֆորմացիա են տրամադրում: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը համեստորեն լռում է, թե հիմնականում որտեղ են ցանկանում «քցած» լինել իրենց. «Չեմ կարող ասել, ընդհանուր չեմ ասի, ուղղակի կան դպրոցներ, որոնք ուզում են ավելի լավը երևալ, որպես այդպիսին, և ներկայացնում են տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»: Վերջինիս խնդրեցինք բացատրել չափորոշիչներն ու վարկանիշային ցուցակի կազմման եղանակները: «Մոտ 40 ցուցանիշ է, որպես այդպիսին, օրինակ՝ միասնական քննություններին մասնակցած աշակերտների թիվը, մաթեմատիկայից միջին ստացած գնահատականը, ավարտական քննությունից միջին գնահատականները, թեկնածու կամ գիտական կոչում ունեցող ուսուցիչների թիվը: Բայց միայն ցուցանիշները չեն հարցը, բացի ցուցանիշներից, կան բանաձևեր: Այդ ցուցանիշներից հետո բանաձևերով հաշվում ենք: Մենք վերցնում ենք հարաբերություն, ավարտական քննություններին մասնակցած միջին գնահատականը և նույն դպրոցից մասնակցած միասնական քննությունների միջին գնահատականի հարաբերակցությունը»:
Սա էլ որպես զգուշացում Արմեն Աշոտյանի կողմից, եթե հանկարծ տնօրենները որոշեն «դաղալություն» անել. «Դպրոցների ընդամենը 8 տոկոսն է գտնվում ԿԳՆ ենթակայության ներքո: Մնացյալ դպրոցները գտնվում են մարզային կամ տեղական կառավարման մարմինների ենթակայության ներքո, և ուղիղ ազդեցություն չունենք, ուստի անպայման կլինեն գրություններ տարածքային կառավարման նախարարություններին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: