«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ում լավ չեն տիրապետում, թե սահմանադրական բարեփոխումների համար քաղաքական քննարկումները և ըստ այդմ լայն կոնսոլիդացիան ինչ ճանապարհով պետք է ապահովել: Ենթադրվում էր, որ իշխող կուսակցությունը կնախաձեռնի հանդիպումներ, կլոր սեղանների շուրջ կամ առանձին-առանձին քաղաքական ուժերի հետ կքննարկի հայեցակարգը և, այսպես ասած, կհամոզի դրա անհրաժեշտության հարցում: Բայց Սերժ Սարգսյանի կարծիք հայտնելու ժամկետը՝ փետրվար-մարտը, մոտենում է, իսկ նման ֆորմատի միջոցառումներ չեն անցկացվում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը թեև տեղյակ չէ՝ կլինեն նման նախաձեռնություններ, թե ոչ, բայց կոնսուլտացիաներն անհրաժեշտ է համարում:
Մինչդեռ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը մեր լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ այդ կոնսուլտացիաներն արդեն սկսվել են. «Կոնսուլտացիա ասվածը հենց քննարկումներն են, քաղաքական ուժեր կան, որոնք արդեն իսկ կողմ են և քննարկում են տարբեր հարթություններից, կան քաղաքական ուժեր, որոնք դեռևս քննարկումների փուլում են՝ հասկանալու, թե այդ փոփոխություններն իրենց համար ընդունելի են, թե ոչ»: Այլ ուժերի հետ հանդիպումներ չե՞ն լինելու: «Այդ հանդիպումներն այսօր էլ առկա են, կան, որոնք կարող են և երևացող լինել, կարող են երևացող չլինել»: Այսինքն, գաղտնի հանդիպումնե՞ր եք ունենում: «Երբ որ խնդրի վերաբերյալ վերջնական որոշում չկա, այնքան էլ ճիշտ չի լինի… հրապարակային կարող է լինել այն դեպքում, երբ որ հստակեցնելու որևէ խնդիր կամ հարց չկա»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: