Գյումրիում հունվարի 15-ին ռուսական հյուպատոսության շենքի մոտ ոստիկանները ավելի քան 40 րոպե քարկոծման մեջ էին, սակայն ոստիկանությունը բացարձակապես ոչ մի գործողություն չի կատարել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Մենք հասկանում էինք, որ որոշակի կրքեր կային, կային կազմակերպիչներ, որոնց պետք է զատեինք, որ հենց նրանց ուղղեինք մեր գործողությունները։ Դեպքերը ցույց են տվել, որ նման պահերին սովորաբար տուժում են անմեղ, միամիտ մարդիկ, մենք խնդիր ունեինք ցույց տալու իրական պատկերը։ Հունվարի 15-ին մենք մաքսիմսլ հանդուրժողականություն ենք ցուցաբերել»,-ասաց նա։

Իսկ ազատության հրապարակի դեպքերի հետ կապված , Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ օրը ոստիկանությունը ահազանգ է ստացել մի քաղաքացուց, որ հրապարակում հավաքված մարդկանցից մեկի մոտ զենք կա։

«Մենք ճիշտ գործողություն ենք կատարել, նման դեպքում ես հրահանգ եմ տվել, որ բոլորին բերման ենթարկեն։ Դրանով մենք կանխեցինք հանցագործություն, նույնիսկ եթե այդ զենքը օրինական է կամ գազային։ Երբ այդ զենքը հանում են, դու չգիտես՝ ինչ տեսակի զենք է, բա որ հանկարծ ոստիկանի գնդակահարեին, այնպես որ ես կարծում եմ, որ մենք այդ օրը կանխել ենք հանցագործություն»,-ասաց ոստիկանապետը։