«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ երեկոյան՝ 21:30-ի սահմաններում, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա ակտիվ ցուցումներ էր տալիս տարածքը հսկող ոստիկաններին: Ոստիկանապետը պատասխանեց լրագրողների հարցերին.

- Պարոն Գասպարյան, քիչ առաջ ոստիկանական նոր ուժեր են բերվել Գյումրի: Ինչի՞ հետ է կապված այդ ամենը, ինչու են բերվել:

- Ոչ մի զորքեր էլ չեն գալիս, նորմալ ծառայություն ենք ուզում ապահովել Գյումրիում, ու ոչ մի կասկած չունեմ, որ ժողովուրդը… հասկացող ու զգոն է ժողովուրդը, այնպես որ՝ պետք չէ աժիոտաժ ստեղծել, դա մեր ծառայությունն է, մի քիչ ուժեղացված ծառայություն է լինելու:

- Կա տեղեկատվություն, որ ռուսները խուճապի մեջ են և առհասարակ դուրս չեն գալիս բազայից:

- Չկա այդպիսի բան, չկա: Եթե դուք դրանից հաճույք եք ստանում, ես դրանից հաճույք չեմ ստանում:

- Եթե դուք անձամբ եք եկել այստեղ, դա չի՞ նշանակում, որ Գյումրիում ինչ-որ վտանգ կա:

- Ինչու, որ ես Երևանում եմ, ուրեմն Երևանում վտա՞նգ կա: Ես հրամանատար եմ, ես անձնակազմի հետ պետք է լինեմ:

- Երեխայի հուղարկավորությունն է լինելու, ու վտանգ կա, որ հանրահավաքներ պիտի լինեն…

- Թող առաջինը քարը նետի էն մարդը մյուսի ուղղությամբ, եթե ինձանից շատ է ցավում: Ես մանուկի մահը չեմ կարող տանել, էդքան խիզախ չեմ:

- Ձեր կարծիքով՝ ո՞վ պետք է այդ գործը քննի:

- Դա իմ կարծիքը լինել չի կարող, կա օրենք, ու դա ոստիկանության դիրքորոշումը չի: ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարն է եկել, ու մեր քննչական ղեկավարի հետ աշխատում են, վաղը հայտարարություն կանեն:

- Դուք ինչպե՞ս կպատժեիք Պերմյակովին:

- Ես՝ պատժե՞լ: Ես նույնիսկ չգիտեմ, հաստատ չէի սպանի:

- Վստահ ե՞ք, որ Պերմյակովը մենակ է եղել:

- Ես երբեք ոչնչի վրա վստահ չեմ լինում մեր մեջ ասած: Մենք մեր օպերատիվ գործողություններն ենք իրականացրել:

- Պերմյակովը քաղաքի մի ծայրից, զենքով քայլելով,հասել է մյուս ծայրը: Ինչպե՞ս է հասել, պարեկային ծառայություն չի՞ եղել:

- Դուք գիտե՞ք ժամը քանիսին է եղել, գիտե՞ք ինչ կա, երբ ես զենքը ձեռքիս գնում եմ, ես շատ ուշադիր եմ լինում, որ գոնե մի հոգու չտեսնեմ այդ ժամին, և ես կանցնեմ բակերով, մեքենա տեսնելուց կզգուշանամ:

- Մարդկանց զայրույթը՝ թեկուզ քար նետելը արդա՞ր եք համարում:

- Երբեք: Բորբոքված էին, թող գնային եկեղեցի մոմ վառեին, աղոթեին, խաղաղվեին: Թող հասկանային, որ իրենց առաջ կանգնած է իրենցից շատ ավելի հայ, որը պատրաստ է իր քաղաքացու համար զոհվել:

Անդրադառնալով այն հարցին, որ ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը իր ծեծի մեջ մեղադրում է ոստիկանապետին՝ Գասպարյանը նշեց. «Եթե իմ մեջ չար լինի, ես այնքան հնարավորություններ ունեմ, ես նմա՞ն եմ պրիմիտիվ մարդու: Տխմարություն ու տգիտություն է, այլանդակություն է ուղղակի, գարշելի է»»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: