«Հրապարակ» թերթը գրում է.
«Սույն թվականի հունվարի 9-ին ուժի մեջ է մտել օրենք, որն անվանվեց վարորդների տուգանքների «համաներման» մասին օրենք: Այն հիմնականում և գլխավորապես վերաբերում է հենց վարորդներին: Համաձայն օրենքում առկա անցումային դրույթներին՝ այն վարորդները, ովքեր մինչև 2012 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում խախտել են երթևեկության կանոններն ու դրա համար տուգանվել, ազատվում են թե՛ վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը վճարելու պարտականությունից, թե՛ չվճարման պատճառով ավելացած գումարից ու կատարողական ծախսից (դրանք առավելապես այն 5 հազար դրամներն էին, որ օրենքով սահմանված կարգով գանձում էր ԴԱՀԿ-ն` որպես կատարողական գործողությունների ծախսերի փոխհատուցում):
Իսկ 2012-ի հունվարի 1-ից մինչև 2015թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում վարչական իրավախախտում կատարած վարորդները, մինչև սույն թվականի հուլիսի 9-ը վճարելով միայն վարչական ակտով սահմանված տուգանքի մայր գումարը կամ ներկայացնելով այն վճարված լինելը հավաստող ապացույց, կազատվեն տուգանքի չափի ավելացած մասը և ԴԱՀԿ-ի կատարողական ծախսերը վճարելու պարտավորությունից»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: