Աշխարհի առաջին հակառասիստական ամսագիրը` ֆրանսիական «Le Droit de Vivre»-ն, 2015թ. հունվարի իր համարում ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանին և Հայոց ցեղասպանությանը:

Համարում մանրամասն անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության ժամանակագրությանը և հետագայում Ցեղասպանությանը վերաբերող հիշարժան իրադարձությունների տարեթվերին: Ներկայացվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարը և այդ ճանապարհին Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականությունը: Հարցազրույցներ են ներկայացվում հայտնի ցեղասպանագետների և միջազգային փորձագետների հետ:

Անդրադարձ է կատարվում Ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայերի ժառանգների կյանքի պատմությանը, որոնց մի զգալի մասն էլ ժամանակին հաստատվել է Ֆրանսիայում: Այդ համատեքստում նյութի հեղինակները ներկայացնում են Ֆրանսիայի հայ համայնքի առօրյան ու վերջինիս համախմբվածությունը` Ցեղասպանության ճանաչման համար պայքարի գործում:

Խոսվում է նաև 2014թ. սեպտեմբերի 22-ին ահաբեկիչների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման և այդ հարցի շուրջ միջազգային քննադատական արձագանքի մասին:

Հայաստանին նվիրված հատվածում ներկայացվում է նաև տարբեր ժամանակներում` սկսած 20-րդ դարի առաջին կեսից մինչև մեր օրերը, նկարահանված, Հայոց ցեղասպանությանը նվիրված տարբեր ֆիլմերի պատմությունը: